Խորվաթիայի իշխանությունները փախստականներին կօգնեն առաջ գնալ երկրի տարածքով: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը:
«Նրանք (միգրանտները) կկարողանան առաջ գնալ Խորվաթիայի տարածքով, և մենք նրանց օգնություն կցուցաբերենք,- ասել է Միլանովիչը:- Խորվաթիան լիովին պատրաստ է այդ մարդկանց ընդունել կամ ուղարկել այնտեղ, ուր նրանք ուզում են հասնել՝ ակնհայտորեն, Գերմանիա կամ սկանդինավյան երկրներ»:
Ավելի վաղ փախստականները Մերձավոր Արևելքի երկրներից սկսել են Սերբիայից անցնել ԵՄ անդամ Խորվաթիայի տարածք: Reuters-ի հաղորդմամբ՝ սահմանը հատել է առնվազն 100 մարդ, Խորվաթիայի իշխանությունները սկսել են երկիր ժամանած օտարերկրացիների գրանցումը: Դրանից հետո նրանց ենթադրվում է ուղարկել ժամանակավոր տեղավորման կենտրոններ երկրի մայրաքաղաք Զագրեբի մոտ:







































