Հնդիկ Ֆայզուլ Հասան Կվադրին իր հողամասում կառուցել է Թաջ-Մահալ դամբարանի փոքր կրկնօրինակը: The Daily Mirror-ի հաղորդմամբ՝ 80-ամյա թոշակառուն դրա վրա ծախսել է իր գրեթե բոլոր խնայողությունները՝ մոտ 170 000 դոլար: Նշվում է, որ նա հայտնի շինությունը վերստեղծել է ի հիշատակ իր մահացած կնոջ, որի հետ ապրել է 53 տարի:
Աշխատանքի համար տղամարդուց 3 տարի է պահանջվել: Այդ ընթացքում նա կառուցել է շենքի մասշտաբային կրկնօրինակը՝ մոտ 8 մ բարձրությամբ, սակայն Թաջ-Մահալի ներսի մասը չի կառուցել ֆինանսական դժվարությունների պատճառով:
Կվադրին նշել է, որ 92 000 դոլար նախնական աշխատանքների համար ինքը ստացել է հողամասի վաճառքից, ևս 23 000 վաստակել է կնոջ ոսկյա զարդերի վաճառքից:
Տղամարդու խոսքով՝ աշխատանքների ավարտի համար անհրաժեշտ է ևս մոտ 100 000 դոլար: «Մարդիկ ինձ ֆինանսական օգնություն առաջարկել են, բայց ես հրաժարվել եմ: Դա իմ աձնական հարգանքի տուրքն է հանգուցյալ կնոջս, այնպես որ, ես դա պետք է ինքս անեմ»,- նշել է Կվադրին:









































