Հաղորդագրությունների փոխանակման Snapchat հայտնի բջջային հավելվածի հիմնադիրները գնել են ուկրաինական Looksery սթարթափը: Գործարքի գումարը կազմել է մոտ 150 մլն դոլար, հայտնում է AIN.UA-ն:
Նշվում է, որ ուկրաինական հավելվածի մշակման ամբողջ թիմը Օդեսայից կտեղափոխվի ԱՄՆ:
Looksery-ի առանձին հավելված հեռացվել է AppStore-ից՝ Snapchat հավելվածի մաս դառնալով. եթե տեսազանգի ձայնագրման ժամանակ հպվեք սեփական դեմքի պատկերին, էկրանին կհայտնվեն Looksery-ի ծանոթ ֆիլտրերը:
Looksery-ն բջջային սարքերի համար ծրագիր է, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում սեփական դեմքը փոխել՝ լուսանկարում տեսաչաթի ընթացքում գեղեցիկ տեսք ունենալու համար: Հավելվածի օգնությամբ հնարավոր է նիհարել, գիրանալ, հավասարեցնել մաշկի գույնը և վերացնել դրա թերությունները, փոխել ինչ ցանկալի է՝ աչքերի գույնից մինչև գանգի ձևը, դեմքին մուլտֆիլմի կամ սարսափ ֆիլմի հերոսի անիմացիա դնել:












































