ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ուրբաթ օրը մեկ տարով երկարացրել է Սիրիայում մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննող հանձնաժողովի, ինպես նաև Իրանի հարցով հատուկ զեկուցողի լիազորությունների ժամկետը: Այս մասին տեղեկացնում է France Press-ը:
Սիրիայի վերաբերյալ որոշմանը կողմ են քվեարկել Խորհրդի անդամ 47 երկրներից 41-ը: Իր որոշմամբ ՄԻԽ-ը կոչ է անում Սիրիայի իշխանություններին համագործակցել հանձնաժողովի հետ և անմիջապես թույլատրել դրա անդամներին անարգելք մուտք գործել երկրի տարածք:
2011 թ. ստեղծված հանձնաժողովը՝ բրազիլացի Պաուլու Սերժիուի գլխավորությամբ, այդպես էլ չի կարողացել ստանալ երկիր մուտք գործելու թույլտվություն:
Հետաքննության ժամանակ փորձագետները հարցաքննել են ավելի քան 1,5 հազար փախստականների և նրանց ցուցմունքների հիման վրա եկել այն եզրակացության, որ Սիրիայում մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարվում են: Այդ դեպքերը կարող են որակվել որպես ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ:
Ըստ փաստաթղթի՝ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտում է հակամարտության երկու կողմերի՝ մարդու իրավունքների դեմ ուղղված գործողությունները, սակայն նշում է, որ ընդդիմության գործողությունների մասշտաբը չի հասնում սիրիական իշխանությունների կողմից կատարված հանցագործություններին:
ՄԻԽ-ը երկարացրել է նաև Իրանի հարցով հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդի լիազորությունների ժամկետը։ Նա նույնպես չի կարողանում մուտք գործել Իրան:









































