Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն ու Իրանը այսօր պայմանավորվել են իրանական Արակում գտնվող միջուկային ռեակտորի արդիականացման շուրջ։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պեկինում, որտեղ հանդիպել են Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ու Չինական ազգային ատոմային կորպորացիայի ղեկավար Ցյան Չժիմինը։
Սալեհին Պեկին է ժամանել եռօրյա պաշտոնական այցով և բանակցություններ է վարում ատոմային ոլորտում համագործակցության ինտենսիվացման շուրջ։ Հանդիպման ժամանակ Սալեհին ու Չժիմինը կողմ են արտահայտվել 20.000 մեգավատտ ատոմային էլեկտրաէներգիա արտադրելու հարցում համագործակցության ամրապնդման շուրջ։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին՝ կապված Արակի ատոմային ռեակտորի վերափոխման հետ։ Իրանը մտադիր է Արակում կառուցել ծանր ջրով աշխատող հետազոտական ռեակտոր։









































