«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
-Պարոն Բարսեղյան, նախօրեին ՀԿ, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցերը քննարկելու։ Դուք չէիք մասնակցում այդ քննարկմանը, ինչո՞ւ։ Այս հանդիպումից որևէ բան կարելի՞ է ակնկալել։
-Ես հրավեր չեմ ստացել, բայց ցավոք, եթե հրավիրեին, չէի էլ կարողանալու մասնակցել, քանի որ նախօրոք պլանավորած ծրագրեր ունեի։ Բայց ինչքան ինձ հայտնի է, այս հանդիպումը քաղաքացիական հասարակության հետ հրահրված հանդիպում է եղել քաղաքացիական հասարակության կողմից, և ոչ թե իրենց կողմից պլանավորված։
Ինչ ակնկալել այս հանդիպումից։ Այստեղ շատ կարևոր նրբություն կա։ Երբեմն երբ իշխանությանը ձեռնտու է, Վենետիկի հանձնաժողովի առաջարկները ներկայացնում է որպես հրամայական պահանջ։ Երբ իշխանությանը ձեռնտու է, Վենետիկի հանձնաժողովի ասածները ներկայացնում է որպես խորհրդատվական առաջարկ։ Եվ խաղարկելու սա լուրջ մանիպուլյացիայի հնարավորություն է ստեղծում։ Երբ Վենետիկի հանձնաժողովից մի փորձագետ ասել էր, որ խորհուրդ չի տալիս հրապարակել ընտրություններից հետո ընտրությունների մասնակիցների ցուցակը (ոչ թե ընտրական իրավունք ունեցողների, այլ մասնակիցների), իշխանությունը տասը տարուց ավելի պնդում է, որ Վենետիկի հանձնաժողովն արգելել է նման բան անել։ Այսպիսի զառանցանք մենք պարբերաբար լսում ենք։ Հիմա իրենց հերթական առաջարկների հետ կապված, որը հարմար եղավ, կընդունեն, կասեն Վենետիկի հանձնաժողովը պնդել է, պահանջում է։
Բացի այդ, կարևոր է իմանալ, որ Վենետիկի հանձնաժողովը քաղաքական հարցեր չի քննարկում և չի որոշում։ Քաղաքական նպատակահարմարություն. դրա կարիքը կա՞, թե՞ չկա, ո՞վ է դա նախաձեռնում, Սերժիկ Սարգսյա՞նը, որ 2008-ի մարտի մեկի կարևոր դերակատարներից մեկն է եղել և այլն։ Դա Վենետիկի հանձնաժողովի հոգսը չէ։ Ինքը պարբերաբար պնդում է, թե իր գործը իրավաբանական խորհրդատվությունն է, որպեսզի մշակվող փաստաթղթերը լինեն Եվրոպայի խորհրդի արժեքների և չափորոշիչների համակարգում։ Այս իմաստով շատ դժվար է այն հասարակական գործիչների և կազմակերպությունների գործը, որոնք գնում են նման հանդիպումներին։ Անշուշտ, յուրաքանչյուրի իրավունքն է գնալ և մասնակցել, բայց իմ կարծիքով, հարկավոր է, որ հասարակությունը, հասարակական գործիչները չներքաշվեն Սերժիկ Սարգսյանի մրոտած թղթերի բովանդակային քննարկման մեջ, անգամ եթե ծայրից ծայր քննադատեն այդ թուղթը, քանի որ իրենք կամա թե ակամա նպաստում են այդ թղթի առաջխաղացմանը։ Կարող են մեկ-երկու բան փոփոխել, ասել՝ դե տասը առաջարկ եք արել, ութն ընդունել ենք, երկուսը՝ ոչ։ Իսկ թե որոնք չեն ընդունելու, բոլորին հայտնի է՝ իշխանության վերարտադրման հայեցակարգը կամ ողնաշարը, որ դրված է այդ փաստաթղթի մեջ, դա ոչ մի դեպքում Սերժիկ Սարգսյանը չի փոխելու։ Ամեն ինչ կարող է փոխել, կարող է ԱԺ-ն երեք հոգանոցից մինչև 4000 հոգանոց դարձնել, ամեն ինչի պատրաստ է գնալ, բայց հիմնական կոնցեպտն այն է, որ իշխանությունը պետք է վերարտադրվի իրենց կլանի ներքո։ Այդ կլանը կոչվում է ՀՀԿ վերնախավ։
Ինչ վերաբերում է նրան, թե որ ՀԿ-ին հրավիրեն, որին՝ ոչ, ապա պետք է նշեմ, որ 5000 ՀԿ կա Հայաստանում, իսկապես բոլորին հրավիրել չեն կարող։ Տեղյակ չեմ՝ ում են հրավիրել, բայց ճիշտն ասած, ազդված չեմ, որ ինձ չեն հրավիրել։
-Այսինքն՝ թե՛ քաղաքական և թե՛ հասարակական գործիչները պետք է բացառե՞ն Սերժ Սարգսյանի հետ փաստաթղթի բովանդակային քննարկումը։
-Սա իմ համոզմունքն է, որը հայտնել եմ՝ դեռ նախորդ տարվա ապրիլի 10-ից սկսած, երբ Սերժ Սարգսյանն իր երազանքը՝ սահմանադրական վերարտադրման իր մեխանիզմները հրապարակեց։ Ինձ համար ակնհայտ է, որ սա տրոյական ձի է, սա իշխանության վերարտադրման մեխանիզմ է, և այն արմատից պետք է կտրել և ջարդել։
-Սակայն «Ոչ»-ի շարժմանը չեն միանա քաղաքական ուժերը, որոնք մինչև փետրվար բուռն պայքարում էին այս նախագիծը չեղարկելու համար։ Ավելին, այսօր երկրորդ անգամ Սերժ Սարգսյանի հետ քննարկեցին նախագիծը։
-Այո, փետրվարին տեղի ունեցածը Գագիկ Ծառուկյանի վրա երկրորդ ճնշումն էր։ Առաջին ճնշումը եղել էր 2013-ին նրա՝ նախագահի թեկնածուի առաջադրման խափանումը։ Հենց այդ ժամանակ ակնհայտ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը կառավարելի է։ 2013-ին առաջադրվելուց հրաժարվեց և անունը դրեց, որ այս ընտրական համակարգում հնարավոր չէ իշխանություն փոխել, բայց մնում է ինքը քաղաքական պայքարի մեջ, սա բացարձակ անհեթեթություն է։ Այդ ժամանակվանից պարզ դարձավ, որ ինքն ամբողջությամբ վերահսկելի է Սերժ Սարգսյանի կողմից և երբ ուզի, ինչպես ուզի, նրան կկառավարի։ Մի պահ մեկը մյուսին նյարդայնացրեց, հետո կանչեցին, ասացին՝ տենց չի լինի, որ պահին ուզես, ավիրում եմ կայսրությունդ։ Նա էլ ասաց, թե չեմ ուզում արյուն հեղվի, իբր չգիտեր, որ արնախումների հետ գործ ունի։
Հիմա մի կուսակցությանը ԱԺ-ում 5-7 տեղ, մյուսին՝ 15-30 տեղ, այսպիսի կոնֆետներ և ճիպոտ կստանան նրանք։ Նա բոլորին տիրապետություն է, բոլորը իր պոչի տակ են։
-Սերժ Սարգսյանը կկարողանա՞ անցնումն իրականացնել։
-Կարծում եմ՝ չի կարողանա անցնում իրականացնել, ինչպես չկարողացավ Գյումրիում ընտրությունների ժամանակ հավաքել անգամ 30 տոկոս։ Դա հիմա կախված է ոչ թե քաղաքական կուսակցական ուժերից, այլ լայն քաղաքացիական ուժերից, որոնք, որքան նկատում եմ, հետզհետե ավելի են համախմբվում։ Հարկավոր է ակտիվ քարոզել բոյկոտ, մարդկանց շարունակել բացատրել՝ ով է Սերժ Սարգսյանը, ինչպես է հայտնվել և ուր է գնում, և խստորեն հսկել քվեարկության պրոցեսը, եթե բանը հասնի քվեարկության, որպեսզի Սերժիկ Սարգսյանի մանկլավիկները չկարողանան լցոնել, նկարել, գրել, քանդակել։ Այլապես այնքան է ավերել քաղաքական համակարգն ու երկիրը, էլ չգիտեմ դրանից հետո ինչի կարելի է վերածել։ Սերժ Սագսյանը նոր սահմանադրություն է քանդակել։ Քանդակել է այն մարդկանց ձեռքով, ովքեր տասը տարի առաջ ասում էին, որ այս սահմանադրությունը վերջն է, և սրանից այն կողմ չի կարող լինել ավելի զիլ սահմանադրություն։ Հիմա չեն կանգնում ասեն՝ կյանքն այդքան արա՞գ է զարգանում, այս մեկը ընդհանրապես սիմբիոզ է, էկլեկտիկա են փորձել ստանալ։ Հիմա ամեն ինչ պետք է անեն, որ Սերժի ռեժիմը պահեն։
Չի անցնելու, և որքան ուժներս պատի, ամեն ինչ անելու ենք, որ չանցնի։









































