Բարգավաճ Հայաստան կուսակցության մամլո խոսնակ, համանուն կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանի խոսքերով՝ իրենք չեն մասնակցելու սահամանադրական բարեփոխումների դեմ պայքարող շարժմանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բաբայանն ասաց, որ իրենք ունեն իրենց օրակարգը և չեն շարժվելու այլ կուսակցությունների ցանկությամբ. «Մենք որևէ մեկին չենք պատրաստվում քննադատել, անկախ նրանից թե մեր որոշումները ով է ծանր տանում, ով թեթև՝ ԲՀԿ-ն ունի իր օրակարգը: Որևէ մեկը մեզ չի կարող թելադրել՝ ինչ օրակարգով գնալ, մենք ինքնուրույն կուսակցություն ենք»,- ասաց նա:
Վահան Բաբայանը նշեց, որ նոր սահմանադրության վերաբերյալ իրենք ունեն առարկություններ և պատրաստվում են ներկայացնել իրենց առաջարկությունները: Եթե դրանք ընդունվեն, ապա Բաբայանն ինքնանպատակ է համարում բողոքի ակցիաներ կազմակերպելը կամ դրանց միանալը:
Պատգամավորի խոսքերով՝ ԲՀԿ-ն նոր սահմանադրության մեջ վերարտադրության վտանգ չի տեսնում:
Վահան Բաբայանը անդրադարձավ նաև ՀԱԿ-ի այն հայտարարություններին, որ քաղաքական տեռորի արդյունքում ԲՀԿ-ն ոչնչացվել է․«Եթե ԲՀԿ-ն ոչնչացվել է, ապա ինչու են «քաղաքագետներ» և տարատեսակ մարդիկ ԲՀԿ-ի վերաբերյալ վերլուծություններ անում կամ փորձում ներքաշել «ոչ»-ի շարժման մեջ։ Եթե այդքան հզոր են և կարող են առանց ԲՀԿ-ի ինչ-որ բան անել, ապա ինչո՞ւ են նման բան ասում: Դրանք պարզապես մերկապարանոց և անլուրջ հայտարարություններ են: Կյանքը ցույց կտա, ով որտեղ կհայտնվի: Եվ ընդհանրապես ԲՀԿ-ին են միանում, ոչ թե ԲՀԿ-ն է միանում»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:







































