Ամերիկացի բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ Կուբայի Գուանտանամո բանտի բանտարկյալները, որոնք նրանց փաստաբանների խոսքերով՝ հացադուլ են անում, իրականում «մի քիչ ուտում են»:
«Մենք գիտենք, որ նրանք ուտում են, երբ բանտախցում են»,- ասել է գեներալ Ջոն Քելին, որը ղեկավարում է ԱՄՆ-ի Հարավային հրամանատարությունը:
Քելին «անհեթեթություն» է անվանել հաղորդագրությունն այն մասին, որ բողոքի ակցիան սկսվել է բանտի աշխատակիցների կողմից Ղուրանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով:
Որոշ տվյալների համաձայն` Գուանտանամոյում հացադուլը շարունակվում է փետրվարից: Ավելի վաղ բանտի ներկայացուցիչ՝ կապիտան Ռոբերտ Դյուրանտը հաստատել է, որ հացադուլի մասնակիցների թիվը 14-ից դարձել է 24: Նրա խոսքերով` ութ բանտարկյալներ այնքան էին նիհարել, որ նրանց հարկադրաբար կերակրել են, ևս երկուսին բուժում են ջրազրկումից:









































