Yahoo! ինտերնետ ընկերությունը բանակցություններ է անցկացնում Dailymotion տեսածառայության մասնաբաժինը գնելու շուրջ: Եթե գործարքը կայանա, այն կդառնա խոշորագույնը ընկերության ղեկավարի պաշտոնում Մարիսա Մայերի նշանակումից հետո: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Yahoo-ն կարող է գնել Dailymotion-ի մինչև 75% բաժնեմասը: Dailymotion-ը պատկանում է ֆրանսիական հեռահաղորդակցական Orange-ին: Dailymotion-ը համարվում է առավել հայտնի տեսածառայություններից մեկը, որի արժեքը գնահատվում է 300 մլն դոլար:
Dailymotion-ի գործադիր տնօրենը պաշտոնական հաղորդագրության մեջ հրաժարվել է լույս սփռել իրադրության վրա՝ հայտարարելով, որ ներկայում իրենք չեն կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել շշուկները Yahoo!-ի և Orange-ի միջև բանակցությունների հնարավորության մասին:
France Telecom-Orange-ը տեսածառայությունը ձեռք է բերել 170 մլն դոլարով՝ իրականացնելով երկաստիճան գործարք, որի շրջանակում վերջին դրամական փոխանցումը կատարվել է անցած հունվարին: Dailymotion-ի մենեջմենթն ու խմբագրական քաղաքականությունը անկախ են մնում:
comScore-ի հետազոտության համաձայն՝ պորտալը 12-րդ տեղն է զբաղեցնում ցանցային վիդեոռեսուրսների շարքում: Վիդեոծառայությունների առաջատարը Google-ին պատկանող Youtube վիդեոհոսթինգն է: Yahoo!-ի տիրապետության տակ գտնվող ռեսուրսները 10-րդ տեղում են:











































