Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է Թադևոս Գևորգյանի գործի դատավարությունը:
Այս գործը մի ամբողջական պտույտ է կատարել դատական համակարգում և վճռաբեկ ատյանի կողմից բեկանվելով՝ վերստին ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Նախաքննական մարմինը Թադևոս Գևորգյանին (Թաթոս) մեղադրանք է առաջադրել, որ նա «2008 թվականի սեպտեմբերի վերջերին, հոկտեմբերի սկզբներին, կոնկրետ օրը պարզված չէ, իրենց գյուղի բնակչուհի Ս.-ի կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով ժամը 14-ի սահմաններում գյուղին մերձակա դաշտում գտնվող առվի մոտ, ֆիզիկական բռնություն գործադրելով, փորձել է բռնաբարել նրան, սակայն կնոջ դիմադրության և դեպքի վայրից փախչելու պատճառով, իր կամքից անկախ՝ նպատակին հասնել չի կարողացել:
Նույն Թադևոսը 2010 թվականի հունիսի 21-ին ալկոհոլ օգտագործած վիճակում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի առաջին կիլոմետրին «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայով գերազանցել է սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը, մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ընկել ճանապարհին հարող հանդամաս, որի հետևանքով նույն մեքենայի ուղևոր Վարդան Արզումանյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս»:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործն առաջին անգամ քննվել է Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
Ըստ դատավճռի՝ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչներ Թադևոս Գևորգյանը և Վարդան Արզումանյանը 2010 թվականի հունիսի 21-ին մասնակցել են բանակի քեֆի: Երկուսն էլ ալկոհոլ են օգտագործել: Ժամը 22-ի սահմաններում նստել են Թադևոսի վարած ավտոմեքենան ու գնացել են «խոսելու»: Նրանց հետ է եղել նաև Թադևոսի եղբայր Սարգիսը:
Սպիտակ-Երևան ավտոճանապարհի առաջին կիլոմետրին մեքենան վթարի է ենթարկվել, որի հետևանքով ուղևոր Վարդան Արզումանյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Թադևոսն ու իր եղբայրը ստացել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող քերծվածքներ:
Վթարից հետո նրանք Վարդանին գտել են մեքենայի մոտ ընկած, անգիտակից վիճակում: Տեղափոխել են Սպիտակի հիվանդանոց:
Դատաքննության անցկացման ժամանակահատվածում տուժողի գիտակցությունը վերականգնված չի եղել, նա ի վիճակի չի եղել խոսելու, հաղորդակցվելու, հնարավոր չի եղել նրան հարցաքննել:
Վարդանի հայրը՝ տուժողի իրավահաջորդը, իմանալով, որ դեռ 2008 թվականին Թադևոսի կողմից իրենց բարեկամի կնոջը սիրահետելու, նրա նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար իր որդին ու Թադևոսը վիճել ու կռվել են, ենթադրել է, թե ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Թադևոսը ցանկացել է իր որդուց պարզաբանումներ ստանալ, նրան նստեցրել է մեքենա, խնջույքի վայրից տարել ու վթարի ենթարկել:
Ըստ դատավճռի՝ «վրեժխնդիր լինելու նպատակով տուժողի հայրը վթարի փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներում, պատկան մարմիններին հղած դիմումներում հայտնել է, թե Թադևոսն ու եղբայրը իր որդուն բռնությամբ են նստեցրել մեքենա ու տարել նախկինում տեղի ունեցած կռվի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու:
Ըստ դատավճռի՝ տուժողի հայրը համոզել է իրենց բարեկամի հարսին, որ նա մեղադրող ցուցմունքներ տա Թադևոսի կողմից կատարված բռնաբարության փորձի վերաբերյալ:
Դատաքննության ընթացքում կինը ժխտել է Թադևոսի կողմից բռնաբարության փորձի կատարումը, պատճառաբանել, թե նախաքննության ընթացքում մեղադրող ցուցմունք է տվել Վարդանի հոր խնդրանքով:
Դատարանը հետազոտված ապացույցների գնահատմամբ հաստատված չի համարել Թադևոս Գևորգյանի կողմից բռնաբարության փորձ կատարելու հանգամանքը:
Ըստ դատարանի եզրակացության՝ այդ արարքի համար Թադևոս Գևորգյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է:
Թադևոս Գևորգյանը նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Հարցերին պատասխանելով՝ հայտնել է, որ գործով անցնող կնոջը երբևէ չի անհանգստացրել, նրա նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարել, Վարդան Արզումանյանի հետ այդ հարցով նախկինում չի վիճաբանել, իսկ ավտովթարի ժամանակ մեքենայի ղեկին եղել է հենց տուժող Վարդանը:
Դատարանն անարժանահավատ է գնահատել Թադևոսի ասածը, թե վթարի պահին ղեկին գտնվել է տուժող Վարդան Արզումանյանը:
Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության հիման վրա կատարված լրացուցիչ դատաբժշկական, դատահետքաբանական, դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ «վթարի պահին Վ. Արզումանյանի՝ ավտոմեքենայի ղեկին գտնվելը հավանական չէ, ամենայն հավանականությամբ՝ նա գտնվել է ավտոմեքենայի սրահի աջակողմյան հատվածում՝ հնարավոր է ինչպես առջևի, այնպես էլ հետին նստատեղի աջ հատվածում…»:
Ընդհանուր իրավասության դատարանը բռնաբարության փորձի մեղադրանքում ճանաչել ու հռչակել է Թադևոս Գևորգյանի անմեղությունը: Նա մեղավոր է ճանաչվել վթարի համար, դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման՝ զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամանակով: Դատարանը կիրառել է համաներում և Թադևոս Գևորգյանին ազատել պատժից: Նրան անհապաղ ազատ են արձակել դատական նիստերի դահլիճում:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել տուժողի իրավահաջորդը՝ Վարդանի հայրը, ու Թադևոս Գևորգյանի շահերի պաշտպանը:
Պաշտպանը խնդրել է վթարի համար ևս ճանաչել ու հռչակել Թադևոս Գևորգյանի անմեղությունը՝ հիմնավոր գնահատելով նրա հավաստիացումը, թե վթարի պահին մեքենայի ղեկին եղել է տուժող Վարդան Արզումանյանը: Իսկ եթե դատարանը վթարի համար հաստատված գնահատի Գևորգյանի մեղքը, ապա համաներման կիրառմամբ պետք է կարճի քրեական գործի վարույթը:
Տուժողի իրավահաջորդն իր բողոքով խնդրել է բեկանել դատավճիռը, Թադևոս Գևորգյանին մեղավոր ճանաչել նաև բռնաբարության փորձի համար, նրա նկատմամբ սահմանել խիստ պատիժ ու համաներում չկիրառել:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի և տուժողի իրավահաջորդի բողոքները և անփոփոխ թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Բողոքաբերները դիմել են նաև Վճռաբեկ դատարան: Տուժողի իրավահաջորդի վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ ժամկետանց լինելու պատճառով, իսկ պաշտպանի բողոքը բավարարվել է մասնակիորեն:
Վճռաբեկ դատարանի վերլուծությամբ՝ ընդհանուր իրավասության դատարանը պետք է ոչ թե համաներում կիրառեր վթարի համար մեղավոր ճանաչված Թադևոս Գևորգյանի նկատմամբ ու նրան ազատեր պատժից, այլ համաներման կիրառմամբ պետք է կարճեր քրեական գործի վարույթը:
Վճռաբեկ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և վերաքննիչ դատարանի որոշումը ու գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:
Հերթական դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին:









































