Ուրբաթ օրը նավթի համաշխարհային գներն ընկնում են նավթային շուկայում առաջարկի ավելցուկի հետ կապված մտավախությունների ֆոնին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
Երևանի ժամանակով ժամը 9.08-ի դրությամբ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 0.1%-ով՝ մինչև 49.17 դոլար 1 բարելի դիմաց: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն ընկել է 0.49%-ով՝ մինչև 42.77 դոլար 1 բարելի դիմաց:
IG Markets-ի ռազմավար Բեռնարդ Աուի խոսքով՝ նավթի գինը ցածր կմնա Միջազգային էներգետիկ գործակալության չորեքշաբթի օրվա հայտարարությունից հետո: Նա կանխատեսել է, որ համաշխարհային շուկայում նավթի ավելցուկը կշարունակվի 2016 թ.:
Մտավախություններն ավելանում են նաև արժութային շուկայից նորությունների պատճառով: Չնայած ուրբաթ օրը դոլարի նկատմամբ յուանի 0.05%-ով ամրապնդմանը՝ շուկայի որոշ մասնակիցներ սպասում են, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների այլ կենտրոնական բանկերը կարող են թուլացնել ազգային արժույթները արտահանումն ամրապնդելու համար:







































