Վաշինգտոնը չի կարող ստիպել այլ պետություններին պահպանել նախկինում իրենց կողմից Իրանի դեմ սահմանած պատժամիջոցներն այն դեպքում, եթե Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը խափանվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն հոդվածում, որը հրապարակել է The New York Times-ը։
«Ատոմի վերաբերյալ Իրանի հետ գործարքը հնարավորություն է տալիս երկարաժամկետ հիմքով չեզոքացնելու մեր ժամանակների ամենալուրջ սպառնալիքը»,- նշվում է նյութում։ Լյուի գնահատականով՝ եթե այդ գործարքը չկնքվի, ապա Իրանը 90 օրից քիչ ժամանակում կարող է միջուկային ռումբի ստեղծման համար բավական տրոհվող նյութեր ստանալ։
Գործարքը չեղարկելու կոչ անողներն ակնկալում էին ավելի լավ պայմանավորվածություն՝ առկա պատժամիջոցների այն աստիճան խստացմամբ, որ ստիպեին Իրանին լիովին ապամոնտաժել ողջ միջուկային ծրագիրը կամ նույնիսկ լիովին փոխել ռեժիմը երկրում։ «Այդ ենթադրությունները վտանգավոր երևակայություն են, որոնք հակասում են տնտեսական և դիվանագիտական իրողություններին»։
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ը կարողացել էր համոզել այլ երկրներին Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել այն պատճառով, քանի որ ապացուցել էր նրանց, որ միջուկային ծրագիրը աշխարհում կայունությանն ուղղված անմիջական սպառնալիք է։









































