Արժույթի միջազգային հիմնադրամը Եգիպտոսի իշխանությունների հետ 4.8 միլիարդ դոլարի չափով պարտք տրամադրելու հարցի շուրջ նոր բանակցությունները որակել է «օգտակար և կառուցողական»: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Կահիրեում խորհրդակցությունների նոր փուլը Եգիպտոսի ղեկավարության հետ անցկացրել է ԱՄՀ-ի մերձավորարևելյան և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Մասուդ Ահմեդը:
Մասուդ Ահմեդը հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլի, Կենտրոնական բանկի նախագահ Հիշամ Ռամեզի, ֆինանսների, ծրագրավորման և միջազգային համագործակցության նախարարներ Ալ-Մուրսի Հիգազիի և Աշրաֆ Ալ-Արաբիի հետ:
Մասուդ Ահմեդի կարծիքով` կայացել են օգտակար և կառուցողական բանավեճեր, թե ինչպես պետք է լուծել Եգիպտոսի տնտեսական և ֆինանսական խնդիրները:
ԱՄՀ-ի ներկայացուցիչը ողջունել է Եգիպտոսի իշխանությունների՝ առաջ շարժվելու պատրաստակամությունը, որպեսզի երկրի ներկայիս ֆինանսատնտեսական խնդիրները հաղթահարվեն սոցիալապես հավասարակշռված կերպով:
Մասուդ Ահմադը նշել է, որ իրենք համաձայն են շարունակել երկխոսությունը Եգիպտոսի իշխանությունների հետ ԱՄՀ-ի կողմից երկրին 4.8 միլիարդ դոլարի վարկային գիծ տրամադրելու շուրջ:









































