Ղազախստանի Կարագանդա քաղաքից երիտասարդ գյուտարարները արհեստական նեյրոնային ցանցերի բազայի վրա ինքնուսույց արհեստական միտք են ստեղծել: Մասնագետների մտահղացմամբ՝ այն կօգնի քաղաքների փողոցներում հասարակական կարգի պահպանության, նաև ճանապարհային երթևեկության կանոնները խախտողներին բացահայտելու գործում: Այս մասին հայտնում է ղազախստանյան «Լիտեր» թերթը:
Արհեստական նեյրոնային ցանցը կարող է ճանաչել օբյեկտները պատկերներում և ինքնուրույն որոշել ու հիշել յուրաքանչյուր առարկայի բնորոշ հատկությունները: Ցանցը պատրաստված է կենդանի օրգանիզմի նյարդային բջիջներից կենսաբանական ցանցերի սկզբունքով: iSam համակարգի մշակողներից մեկի՝ Ադիլ Աուգալիևի խոսքով՝ համակարգն ունի 250 մլն արհեստական նեյրոնային կապ:
«Նեյրոնային ցանցերը չեն ծրագրավորվում, դրանք ուսուցվում են: Ուսուցման հնարավորությունը նեյրոնային ցանցերի գլխավոր առավելություններից է ավանդական ալգորիթմների համեմատ: Այդ ծրագիրն ունիվերսալ է: Մեկ ցանցում միավորելով փողոցային տեսահսկման համակարգերը՝ այն կարելի է օգտագործել ճանապարհներին և բնակելի միկրոշրջանների բակերում՝ ըստ «Անվտանգ քաղաք» սոցիալական նախագծի: Այդպիսով, արհեստական միտքը կկարողանա վերլուծել ոչ միայն առօրյա դեպքերը, այլև որոշել պոտենցիալ վտանգավոր իրավիճակները՝ մարդկանց կուտակումը, նրանց պահվածքը, նրանց մոտ ալկոհոլային խմիչքների առկայությունը»,- նշել է Աուգալիևը:
Հեղինակի խոսքով՝ այդ ծրագիրը կարելի է օգտագործել նաև հաշվապահական կամ պահեստային հաշվառման ոլորտում, մարքեթինգի ուսումնասիրման գործում:
Մշակողներն արդեն դիմել են Ալմա-Աթայի վարչական ոստիկանության վարչություն՝ առաջարկելով իրենց ծրագիրը ներդնել մեգապոլիսի խաչմերուկներում սպասվող ճանապարհային գերծանրաբեռնվածությունը և պոտենցիալ վտանգավոր իրավիճակները բացահայտելու համար: Աուգալիևի խոսքով՝ ոստիկանները հետաքրքրվել են նախագծով:










































