Լիբանանի խորհրդարանականներին կրկին չի հաջողվել պետության ղեկավար ընտրել։ Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին նիստը տեղափոխել է սեպտեմբերի 2-ին։ Այս մասին հայտնում է լիբանանյան ազգային NNA գործակալությունը։
Հերթական փորձը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Ինչպես նախորդ 27 անգամներին, նախագահի ընտրության խորհրդարանական նիստին ներկա է գտնվել պատգամավորների կեսից քիչը։ Ինչպես նախորդ անգամներ, բոյկոտ էին հայտարարել երկրում ամենախոշոր քրիստոնեական կուսակցության՝ «Ազատ հայրենասիրական շարժման» կողմնակիցները, ովքեր պահանջում են լիբանանցի քրիստոնյաների իրավունքների պաշտպանություն։
Նախագահի ընտրության համար թեկնածուներից մեկը գաղտնի քվեարկության ընթացքում պետք է հավաքի պատգամավորների 2/3-ի ձայները, այսինքն՝ ստանա 124 պատգամավորներից առնվազն 86-ի աջակցությունը։









































