Ղրղզստանն այսօր պաշտոնապես դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այդ կապակցությամբ ղրղզա-ղազախախական սահմանի՝ Բիշքեկ-Ալմաթի մայրուղու հատվածում տեղի է ունեցել մաքսային վերահսկողության կետերի վերացման պաշտոնական արարողություն, որին մասնակցել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները: Արարողությանը տեսազանգի միջոցով հետևել են երկու երկրների նախագահները Նուրսուլթան Նազարբաևն ու Ալմազբեկ Աթամբաևը:
Ռուսաստանում ու ԵՏՄ անդամ մյուս երկրներում այսօրվանից հանվել են աշխատաշուկայի պաշտպանության համար բոլոր սահմանափակումները և ղրղզ աշխատանքային ներգաղթյալների աշխատանքի համար անհրաժեշտ թույլտվության փաստաթղթեր ստանալու պահանջները: Ղրղզստանի քաղաքացիներն ազատվել են Ռուսաստանի տարածքում երկիր մուտք գործելու պահից մեկ ամսվա ընթացքում պաշտոնական գրանցման անհրաժեշտությունից, կրթության մասին ղրղզական փաստաթղթերը կճանաչվեն ԵՏՄ բոլոր երկրներում:
Այսպիսով, Ղրղզստանը դարձավ ԵՏՄ հինգերորդ անդամ պետությունը: Ենթադրվում է, որ Ղրղզստանի անդամակցության գործընթացն ավարտված համարելով՝ Մոսկվան առաջիկայում գործնական քայլեր ձեռնարկի կառույցին Տաջիկստանի անդամակցության ուղղությամբ: Տարեսկզբին Ռուսաստանն արդեն իսկ նման փորձեր արել է, սակայն զբաղված լինելով Ղրղզստանով՝ անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել Տաջիկստանին:









































