Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկ անելու կարգավիճակ չունի: Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց տեղեկությունները, թե Ազատության հրապարակում իր և ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Աբրահամյանն իրեն ոչինչ չի առաջարկել:
«Ես կարող եմ ասել, որ նրա հետ քննարկում չի եղել, իրեն սրահում հստակ ասել եմ, որ ես իրեն չեմ դիտում, որպես միջնորդ կամ սուրհանդակ: Պարոն Սարգսյանը կարող է գրավոր կամ բանավոր իր առաջարկները ներկայացնել, պարոն Աբարահամյանն ինձ առաջարկ բերող չէ: Հետևելով այդ գիշերվա ելույթին Ձեր առջև՝ ես էապես համաձայն չեմ նրա հետ, որովհետև ինքը գնահատական տվեց բովանդակային լուծումներին, որոնք արդեն մերժվել են պարոն Սարգսյանի կողմից: Ինքը գնահատեց նաև իմ հաց չուտելու քայլը՝ այն որակելով որպես վերջնագիր: Դա վերջնագիր չէ որևէ մեկին ուղղված, այն ինձ է միայն ուղղված: Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկ անելու կարգավիճակ չունի»,- մեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:









































