ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ռազմարշավ են պատրաստում Սիրիայում կառավարական զորքերի դեմ մարտնչող ամենածայրահեղական գրոհայինների խմբերին ոչնչացնելու համար, հաղորդում է France 24 հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը ներկա պահին ակտիվորեն հետևում է ահաբեկչական խմբավորումների տեղաշարժին և տեղեկատվություն է հավաքում դրանց գործողությունների մասին: Նախատեսվում է այդ տվյալներն օգտագործել գրոհայիններին ոչնչացնելու գործողության կազմակերպման ժամանակ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:
ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարության աղբյուրները հեռուստաալիքի թղթակցին ասել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս հրաման չի տվել նման գործողություն անցկացնելու համար:
Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկի խոսքերով` ընդդիմության կողմում գործում են այն նույն ահաբեկչական խմբավորումները, որոնց հետ ամերիկյան զորքերը բախվել են Իրաքում:









































