ԱԺ պետաիրավական հանձնաժողովում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն միանշանակ կողմ է, որ նման հանձնաժողով ստեղծվի: Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ն կողմ էր, որ հանձնաժողովը Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված նաև քաղաքական գնահատական տար, բայց հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող նախագծում նման նպատակ դրված չէ:
Նաիրա Զոհրաբյանը նաև հայտարարեց, որ ԲՀԿ-ն ցանկանում է, որ պարզվի, թե ովքեր են Մարտի 1-ին կրակելու հրաման տվել, և որտեղից են բերվել այդ կրակողները: Նրա խոսքով՝ պետք է ի վերջո պատասխան տրվի այս հարցադրումներին և մամուլում ԲՀԿ-ի հետ կապված այդ դեպքերի առնչությամբ շրջանառվող շահարկումներին վերջ տրվի:
Նա հիշեցրեց, որ վերջերս «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է մի հրապարակում, որի համաձայն՝ իբր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեմ է եղել կրակոցներին: Սակայն Զոհրաբյանը չհիշատակեց նույն թերթի մեկ այլ հրապարակում՝ փաստահավաք խմբի ձեռք բերած փաստաթղթերից մեկը, որի համաձայն՝ Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ՊՆ զորամասերից մի քանի օլիգարխներին տրված զինվորական համազգեստներից ամենաշատը տրվել է Գագիկ Ծառուկյանին:









































