Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ շատ կարևոր է բանակում հոգեբանների ինստիտուտի ներդրումն ու կատարելագործումը: Նա լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հոգեբանական խնդիրներն առկա են ամենուր, այդ թվում և բանակում:
Բանակում նման խնդիրներ ունենում են ոչ միայն զինվորները, այլև սպաները: Նա նշեց, որ մինչ սպային քննադատելը՝ հարկավոր է տեսնել, թե ի՞նչ աշխատանք է նա կատարում: Ըստ հոգեբանի՝ սպան զրկված է անձնական կյանքից, անձրևի, արևի ու ձյան տակ անընդհատ աշխատում է, և շատ կարևոր է, որ լարված վիճակից դուրս գալու համար նրան օգնի զորամասի հոգեբանը:
«Մինչ քննադատելը՝ պետք է հասկանալ, որ այդ սպաներն իրենց կյանքն անցկացնում են զորքերում: Հոգեբանի մուտքը զորքեր մեզ շատ է անհրաժեշտ, և լավ է, որ այս ինստիտուտն արդեն ձևավորվում է, բայց այն պետք է կատարելագործել»:
Բանախոսի մեկնաբանությամբ՝ այս գործում իրենց ներդրումը պետք է ունենան նաև տարբեր բուհերի հոգեբանության ֆակուլտետները. «Այսօր բուհերում հոգեբանության բաժինները ծաղկում են, հատկապես Մանկավարժական համալսարանը պատրաստում է ռազմական հոգեբանների: Այդ ուսանողների, որոնք հիմնականում աղջիկներ են, զորամասում աշխատելու ցանկությունն ու մղումը շատ մեծ է»:
Տիկին Նալչաջյանը հավելեց նաև, որ այդ ոգևորությունը կարող է շուտ անցնել՝ զորամաս մտնելուց և աշխատելուց հետո: Դա կապված է մեր ազգային առանձնահատկությունների հետ:
«Շատ լավ կլինի, որ զորամասերում աշխատեն հատկապես տղամարդ հոգեբանները»,- հավելեց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































