Թուրքական Yeni Çağ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) Թուրքիայի սահմանների ներսում իր վերահսկողության ներքո առաջին կանտոնի (շրջանի) ստեղծման քայլեր է ձեռնարկում։
Վերջին օրերին PKK-ն կտրուկ մեծացրել է իր գործողությունները Թուրքիայի արևելքում՝ Կարսի, Իգդիրի, Արդահանի, Աղրըի (Արարատ) նահանգներում ու Էրզրումի նահանգի մի մասում, և այդ տարածքներով կանտոնի ստեղծման պատասխանատու է նշանակվել Յուսուֆ Շեքը։
Թերթն ընդգծում է, որ քանի դեռ Թուրքիայի ուշադրության կենտրոնում Սուրուչի դեպքերն են ու Սիրիայի հետ սահմանը, PKK-ը քայլեր է ձեռնարկում անաղմուկ ձևով այդ նահանգներում իր վերահսկողության ներքո առաջին գոտին ձևավորելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն թերթը հայտնել էր, որ PKK-ն սկսել է ճնշումներ գործադրել Իգդիրի ադրբեջանցիների վրա և չեզոքացնել նահանգում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ազդեցությունը՝ տարածաշրջանը քրդացնելու համար։
Ի դեպ, 2012 թվականի ամռանը PKK-ն Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի ու Չուքուրջա շրջաններում (Իրաքի սահմանի մոտ) հայտարարել էր ազատագրված գոտու ստեղծման մասին, որի տարածքը կազմում էր 400 կիլոմետր քառակուսի։ Դա մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում։










































