Կուբայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ և նրա երկրորդ քարտուղար Խոսե Ռամոն Մաչադո Վենտուրան արժանացել է «Կուբայի Հանրապետության հերոս» կոչմանը, ստացել է «Պլայա Խիրոն» շքանշանը։ Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները,- փոխանցում է RIA Novosti-ն:
Բարձր պետական մրցանակը «Հեղափոխության պատմական առաջնորդներից» մեկին հանձնել է Կուբայի Պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն:
Երկու շաբաթ առաջ 82-ամյա Մաչադո Վենտուրան, որը մինչ այդ 5 տարի զբաղեցրել էր Պետխորհրդի և կառավարության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, սեփական ցանկությամբ «իր տեղը զիջել է» 52-ամյա Միգել Դիաս-Կանելին: Նա մնացել է Կուբայի ղեկավարի 5 տեղակալներից մեկը:
Բարձր պարգևը ստանալով՝ Խոսե Ռամոն Մաչադո Վենտուրան խոստացել է ծառայել հեղափոխությանը «մինչև վերջին շունչը»:







































