Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի կարծիքով՝ հայ ֆուտբոլիստը համապատասխանում է Թուրինի «Յուվենտուս»-ին: Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին բազմակողմանի կիսապաշտպանի կարիք է զգում: Ռայոլան վստահ է, որ Հենրիխը համապատասխանում է մասնագետի պահանջներին:
«Հենրիխ Մխիթարյանը համապատասխանում է Եվրոպայի 10 լավագույն թիմերի մակարդակին: Հենրիխն, անշու՛շտ, կարող է ադապտացվել «Յուվենտուս»-ում: Նա կարող է նոր շունչ, նոր որակ հաղորդել Իտալիայի առաջնությանը»-Sportmediaset-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը:
Նշվում է, որ Մխիթարյանի տեղափոխությունը կարող է չկայանալ թուրինյան ակումբի կողմից առաջարկված ֆինանսական պայմանների պատճառով:
Հիշեցնենք՝ գարնանը Ռայոլան հայտարարել էր, որ հայ կիսապաշտպանը «Բորուսիա»-ն լքելու մտադրություն չունի: Այս օրերին Հենրիխը դորտմունդյան ակումբի կազմում նախամրցաշրջանային հավաք է անցկացնում Շվեյցարիայում:






































