Հանգստյան օրերին ՀՅԴ գրասենյակում Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափը քննարկելու համար հանդիպել են ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ընթացքում խոսք է եղել միասնական ընտրացուցակով հանդես գալու մասին, ու երբ հերթը հասել է հարցին, թե ով է գլխավորելու ընտրացուցակը, գործընթացը ձախողվել է:
Թերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն, հանուն կոնսոլիդացիայի, պատրաստ է եղել համաձայնել ցանկացած տարբերակի: «Ժառանգության» ներկայացուցիչներն ասել են, թե ցուցակը պետք է գլխավորի իրենց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կամ Անահիտ Բախշյանը: ԲՀԿ-ն էլ չի համաձայնել՝ ասելով, որ իրենց թեկնածուն՝ Վարդան Օսկանյանը, անհամեմատ ավելի ուժեղ ու ճանաչված է: Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրերը՝ ասելով, որ այս թեման այլևս քննարկելու կարիք չկա, քանի որ հանդիպումն իր արդյունքները չի տվել:









































