Պոլիտեխնիկի ռեկտորի նախկին պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նոր է վերադարձել Թբիլիսիից, որտեղ մասնակցում և ղեկավարում էր Ջրային տնտեսությունների, շրջակա միջավայրի, ճարտարապետության և շինարարության ժամանակակից խնդիրների միջազգային կոնֆերանսը։
Մինչ այդ Պոլիտեխնիկի նորընտիր ռեկտոր Ոստանիկ Մարուխյանից բուհում մնալու և աշխատելու առաջարկ է ստացել, սակայն հրաժարվել է։ «Առաջին լրատվական»-ը Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ ինչու է հրաժարվել։ «Մեկ համալսարանի համար երկու ռեկտորը շատ կլիներ։ Նա հայտարարել է, որ մեծ հաճույքով կաշխատի ինձ հետ, բայց սա սկզբունքային խնդիր է»,- հավելեց Թոքմաջյանը։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք վիրավորվա՞ծ է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից տեղի ունեցածից հետո։ «Չեմ ուզում այդ մասին խոսել. նեղացած լինելը քաղաքական կատեգորիա չէ, ես երբեք դրանով չեմ առաջնորդվում։ Ես Պոլիտեխնիկի համար շատ բան եմ արել, հրապարակվել են, թե ինչ ցուցանիշներ ունեմ, թող իրենք ավելի լավն ապահովեն, լավ անեն աշխատանքը, հեղինակություն կունենան առաջ գնալու, իսկ եթե կբերեն հին ճահճին, ժողովրդի աչքի առաջ ամեն ինչ շատ արագ կերևա։
Արդյոք իր օգտին քվեարկած ոչ քիչ դասախոսական կազմը հնարավո՞ր է խնդիրներ ունենա նորընտիր ռեկտորի հետ, Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ, իր կարծիքով, Մարուխյանի կողմից ճիշտ քաղաքականություն կիրականացվի, այդ դասախոսները կարող ուժեր են, որ նրանք կարողանան հնարավորինս լայն ներկայացված լինի համալսարանում իրենց բոլոր հնարավորություններով։ Դրանից կշահի և՛ համալսարանը, և՛ համալսարանի ղեկավարությունը։ Եթե խնդիրը գնաց ո՛չ այս ուղղությամբ, դա ոչ մի լավ բանի չի բերի։
Հովհաննես Թոքմաջյանը պնդում է, որ իր ամբողջ աշխատանքը միտված է եղել ոչ թե անձնական, այլ կրթական շահին, ուստի հեռացված դասախոսներին՝ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանին, որը ահազանգել էր, թե ռեկտորի սեքս սկանդալի համար փորձում են իրեն մեղադրել, և պրոռեկտոր, ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանին սխալ կլինի նորից ընդունել: «Խոհեմությունը պահանջում է, որ արդեն մաքրված Պոլիտեխնիկը նորից չապականվի։ Իհարկե կան էլի խնդիրներ, որ պետք է լուծել, բայց հիմնական պրոբլեմներից մեկը սա էր, որ ինձ հաջողվել էր այն ժամանակ լուծել։ Եվ այս տեսանկյունից ես չեմ կարծում, որ լավագույն լուծումը կլինի նրանց հետ բերելը»,- հավելեց Հովհաննես Թոքմաջյանը։
Ոստանիկ Մարուխյանը պետք է փորձի աշխատանքի շարունակականությունն ապահովել, ինչից էլ կախված կլինի նորընտիր ռեկտորի հեղինակությունը։
Հովհաննես Թոքմաջյանը Երևանի ավագանու անդամ է, և նշեց, որ շարունակելու է մասնակցել ավագանու աշխատանքներին. «Բավականին պլանավորած աշխատանքներ կան իրականացնելու այս տարի։ Հսկայածավալ աշխատանք է իրականացվում, շինարարական մասով պետք է շարունակել աշխատանքները, այն, ինչ եղավ Իսակովի պողոտայից դեպի Լենինգրադյան փողոց, որը փայլուն նախագիծ է: Այս բոլորը պետք է շարունակություն ունենան, և ընդհանրապես, քաղաքապետի կողմից իրականացվող քաղաքի կառուցման, կոմունիկացիաների ավելացման տեսակետից այդ աշխատանքները շատ դրական եմ գնահատում»,- ասաց նա։







































