Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային տիեզերական ընկերակցության և Տիեզերական տիրույթի հետազոտությունների հիմնադրամի համատեղ զեկույցում նշված է, որ Լուսին թռչելը NASA-ի համար կարող է արժենալ 90 տոկոսով ավելի պակաս, քան ակնկալվում էր՝ 100 միլիարդ դոլարի փոխարեն՝ 10 միլիարդ դոլար։
Զեկույցում նշված է, որ դրա համար անհրաժեշտ է օգտվել մասնավոր ու միջազգային կազմակերպությունների հետ իրենց գործընկերային հարաբերություններից։ Փորձագետները նաև ընդգծել են, որ անհրաժեշտ է համագործակցել ու մեծացնել կոմերցիոն կազմակերպությունների կողմից ֆինանսավորումը. «Ծախսերի կրճատումը կօգնի նաև ստեղծմանը, այդ թվում նաև բազմակի օգտագործման համատեղ տիեզերական սարքերի և մասնավորապես հրթիռների ու Լուսնի մակերևույթին վայրէջք կատարելու համար սարքերի ստեղծմանը»։
Բացի դրանից՝ դեպի Երկրի արբանյակ թռիչքների ծախսերի նվազեցմանը կարող է նպաստել լուսնային վառելիքի արդյունահանումը։
Փաստաթղթում խոսվում է Լուսնի վրա արդյունաբերական բազայի ստեղծման անհրաժեշտության մասին, որպեսզի Լուսնի մակերևույթին արդյունահանած վառելիքով հնարավոր լինի լիցքավորել Մարս կամ Արեգակնային համակարգի մյուս մոլորակներ ուղևորվող տիեզերանավերը։ Փորձագետները կարծում են, որ դա կօգնի դեպի Լուսին ու Կարմիր մոլորակ թռիչքների ծախսերը կրճատել մինչև տարեկան 10 միլիարդ դոլարի։







































