ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներկայում մտադրություն չունի վերանայելու կուբայական Գուանտանամոյում ամերիկյան ռազմածովային ուժերի բազայի վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ներկայումս մեր կողմից մտադրություններ և քննարկումներ չկան՝ վերանայելու վարձակալության վերաբերյալ իրավաբանական համաձայնագիրը»,- Կուբայի ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Քերին:
«Ես չեմ կարող ասել՝ հետո ինչ կլինի: Բայց ներկայում դա մեր կողմից քննարկման մաս չէ»,- ասել է Քերին:
Իր հերթին Ռոդրիգեսը պահանջել է «վերադարձնել Գուանտանամոյում ապօրինի օկուպացված տարածքը»՝ նշելով «Կուբայի ինքնիշխանությունը լիովին հարգելու» անհրաժեշտությունը: Նա նաև արտահայտվել է ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ էմբարգոյի չեղարկման օգտին և հիշատակել շրջափակմամբ պայմանավորված «մարդասիրական և տնտեսական վնասի փոխհատուցման» մասին:









































