Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը մերժեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը, որով նա պահանջել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին չընդունել որպես ՍԴ-ում Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, քանի որ նա պետական պաշտոնյա է և պետք է ներկայացնի պետությունը, ոչ թե նախագահին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի լիազորագրում Հրայր Թովմասյանը ներկայացված է ոչ թե որպես նախարար, այլ պարզապես որպես իրավաբան: «Մինչև հինգշաբթի ես, որպես արդարադատության նախարար, գտնվում եմ արձակուրդի մեջ և ներկայացնելու եմ Սերժ Սարգսյանի շահերը»,- հայտարարեց Թովմասյանը:
Սակայն օրենքը չի լիազորում նախարարին՝ արձակուրդ վերցնել որևէ մեկի շահերը դատարանում ներկայացնելու համար, այն էլ՝ գործող նախագահ հանդիսացող անձի, ով վարչապետի առաջարկով իրեն նշանակել է այդ պաշտոնին:
Ուշագրավ է, որ նույն իրավաբան Հրայր Թովմասյանը 2003 թ. ընդդիմության միասնական թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի իրավական հարցերի պատասխանատուներից էր և մասնակցություն է ունեցել ժամանակին ընդդիմության հայցը ՍԴ նախապատրաստելու գործին: Հենց այդ հովերով իրավաբան Հրայր Թովմասյանը առավել հայտնի դարձավ հանրությանը, իսկ դրանից հետո հայացքները փոխեց ու անցյալ տարի, փաստորեն, «ցեղակրոնություն» ընդունեց՝ դառնալով ՀՀԿ-ական, և բավական հաջող տեղավորվեց իշխանական վերնախավում՝ նշանակվելով արդարադատության նախարար, այժմ էլ՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ:
2008 թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հայցը ՍԴ-ում ներկայացնող՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ այն, որ արդարադատության նախարարը ժամանակին ներկայացրել է ընդդիմության շահերը, իսկ այժմ իշխանության և Սերժ Սարգսյանի շահերն է ներկայացնում, «առավել նվազ համոզիչ և հասարակական ընկալման տեսանկյունից խնդրահարույց է» դարձնում Սահմանադրական դատարանում ներկայացված փաստարկները:









































