GAIA զոնդն աստղագետներին օգնել է յուրահատուկ աստղային համակարգ գտնել՝ բաղկացած երկու մեռած լուսատուներից՝ վառ սպիտակ գաճաճ-«վամպիրից» և չափազանց պղտոր հելիումային հսկայից, որը պարբերաբար ստվերում է իրեն խժռող ուղեկցին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Թագավորական աստղագիտական միությանը:
«Դա հիասքանչ աստղային համակարգ է. այն պատկանում է կրկնակի աստղերի շատ հազվագյուտ ենթատիպի, որում դրա բնակիչները իրար շուրջ մեկ պտույտ կատարում են 1 ժամից ավելի արագ, և որտեղ այնպես են դասավորված, որ մի լուսատուն ամբողջովին փակում է մյուսին: Դրա շնորհիվ մենք կարողացել ենք չափել դրանց զանգվածներն ու չափերն այնքան ճշգրիտ, որքան մեզ երբեք չէր հաջողվում անել»,- ասել է Թոմաս Մարշը Մեծ Բրիտանիայի Ուորիքի համալսարանից:
Գիտնականները պարզել են, որ այդ լուսատուն կրկնակի աստղերի հազվագյուտ կատեգորիայից է, որոնց ընդհանուր թիվը մեր Գալակտիկայում չի գերազանցում 4 տասնյակը:
Այդպիսի լուսատուները սովորաբար 2 աստղից բաղկացած զույգ են՝ գործնականում ամբողջովին զրկված ջրածնից: Դրանցից մեկը սովորաբար լինում է հելիումային սպիտակ գաճաճ, երկրորդը՝ այլասերված հելիումային աստղ շատ փոքր խտությամբ և լուսավորությամբ:
Այդպիսի զույգերում աստղերն այնքան մոտ են, որ մեկը մյուսի շուրջ մեկ պտույտ է կատարում բառացիորեն մի քանի տասնյակ րոպեում: Գիտնականների խոսքով՝ Gaia14aae աստղային համակարգը յուրահատուկ է այդ առումով՝ պղտոր խոշոր աստղը ամեն 50 րոպեն մեկ ամբողջովին մթագնում է վառ սպիտակ գաճաճ-«վամպիրին», ինչն ամբողջ համակարգին ստիպում է նվազեցնել լուսավորությունը և պարբերաբար «առկայծել»: Դա այդպիսի առաջին համակարգն է, որը գիտնականները բացահայտել են մարդկության գոյության ողջ ընթացքում:








































