Արքայազն Ուիլյամը մի քանի օր առաջ է սկսել աշխատել East Anglian Air Ambulance սանիտարական ավիացիայում և արդեն հասցրել է մեկ մարդու կյանք փրկել: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն՝ հղում անելով ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ նա եղել է բժիշկների ասիստենտը, երբ նրանք ինֆարկտի դեպքի հետ կապված գնացել են Սաֆֆոլկից մի տղամարդու մոտ: Նախքան հիվանդին հոսպիտալ հասցնելը՝ բժիշկները նրան տեղում օգնություն են ցուցաբերել: Ականատեսների խոսքով՝ բոլորը շոկի մեջ են եղել արքայազն Ուիլյամի հմտություններից:
«Ես տեսա շտապօգնության ուղղաթիռն ու անմիջապես մտածեցի՝ ինչ-որ բան է եղել: Ինչպեսև ցանկացած անցորդ, որոշեցի ավելի մոտենալ ու դիտել: Բայց բոլորովին չէի սպասում տեսնել ուղղաթիռից դուրս եկող արքայազն Ուիլյամին: Երբ նա օգնում էր տղամարդուն, չէր շեղվում, այլ իր աշխատանքն էր կատարում: Իսկ ես արագ մի քանի լուսանկար արեցի»,- պատմել է տեղի բնակիչներից մեկը:
Մյուս ականատեսների խոսքով՝ երբ աշխատանքն արդեն ավարտվել է, արքայազնը կանգնել է ուղղաթիռի մոտ և ձեռքով արել բոլոր հավաքվածներին:











































