Արարատի մարզում գրեթե յուրաքանչյուր գյուղ մտնելիս գյուղացիները միանգամից ուղեկցում էին իրենց արտերը ու բողոքում, որ դրանք ջրի բացակայության պատճառով ամբողջովին անպատացել են: «Առաջին լրատվական»-ը մարզի Դիմիտրով գյուղում ականատես եղավ ջրպետի և գյուղացիների վեճին:
«Մեռանք ջուր ուզելով, ինչի՞ չկա, էսօր ջուր կա, հերթը ինձ ե՞րբ է հասնելու»,- հարց էին տալիս գյուղացիները, ջրպետն էլ պատասխանում էր, որ ոռոգման ջուր կրկին չկա, թե երբ կլինի՝ ինքը չգիտի, իր դաշտերն էլ են չորացել:
Գյուղացիները մեզ հետ զրույցում պնդեցին, որ շատերը հրաժարվել են հող մշակելուց և լքել են երկիրը, քանի որ իրենցից չկախված հանգամանքների պատճառով չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Գյուղացիները նկատեցին, որ հիմա քչերին է հաջողվում արտեզյան հոր ունենալ, քանի որ այն հիմա ծախսատար է, և բացի այդ՝ այստեղ այլ խնդիր էլ կա ծկնաբուծարանների հետ կապված: «Արտեզյան հորերը ցամաքել են ձկնաբուծարանների պատճառով, իսկ ոռոգման ջրի մասով էլ կասենք, որ մի պոմպակայանի նասոս է աշխատում, ու ջուրը այս կողմեր չի հասնում, միակ էլքը արտեզյանն էր, էն էլ ջուր չի տալիս»,- մանրամասնեցին նրանք:
Գյուղացիները հավաստիացրին, որ իրենք բազմիցս դիմել են մարզպետարան, գյուղապետարան, բայց 20 տարի է, ինչ իրենց և հարակից այլ գյուղերում ջրի խնդիրը չի լուծվում: «Տելիվիզրով էլ բազմաթիվ անգամ ասել ենք, որ անօրինական հորերի ու ձկնաբուծարանների պատճառով ջուր չկա, բայց գյուղացու մասին մտածող չկա»,- նշեցին գյուղացիները:
Մանրամասները՝ տեսանյութում:







































