Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վատիկանը դրականորեն է նայում այսօր Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնագրին։ Այդ մասին հայտարարել է Սուրբ գահի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:
«Խոսքը տեղի ունեցած բանակցությունների կարևոր արդյունքի մասին է, ինչը պահանջում է համապարփակ ջանքերի շարունակություն, որպեսզի այն կարողանա տալ իր պտուղները»,- ասել է Լոմբարդին՝ հույս հայտնելով, որ այդ պտուղները չեն սահմանափակվի միայն միջուկային ծրագրի ոլորտով։









































