Հունաստանի և եվրոպացի վարկատուների միջև համաձայնագիրը, որով Աթենքից պահանջվում են արմատական բարեփոխումներ, ստորացում չէ հունական կողմի համար, հույների համար իրական ստորացում կլիներ երկրի բացառումը եվրոգոտուց։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը France 2-ի հետ հարցազրույցում։
«Ինձ համար անընդունելի է, որ որևէ ազգ ենթարկվի ստորացման»,- ասել է նա,- «Հունաստանի համար ստորացում կլիներ եվրոգոտոց նրա վռնդումը»։
Օլանդն ընդգծել է, որ ձեռք բերված համաձայնությունը թույլ կտա հույներին պահպանել տեղը եվրոպական արժութային միությունում։ «Եվրոգոտին երաշխիք է, պաշտպանություն, անվտանգություն»,- ասել է նա։
Օլանդի կարծիքով՝ կոշտ բարեփոխումները վաղուց հասունացած անհրաժեշտություն են։ «Դրանք կոշտ են, քանի որ ժամանակին չեն արվել»,- ասել է նա,- «Պետք է, որպեսզի Հունաստանում բարեփոխումներ անցկացվեն, որոնք թույլ կտան վերստին գործարկել տնտեսական աճ»։









































