Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պետք չէ ավելորդ խուճապ տարածել Հարավային Օսիայի վարչական սահմանին սահմանային նոր ցուցանակների տեղադրման կապակցությամբ:
«Ցուցանակների տեղակայումը կարելի է գնահատել որպես սադրանք և բացարձակապես չարդարացված (քայլ)։ Վրաստանը մտադիր է կառուցողական երկխոսության ճանապարհով կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Վրաստանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ ավելի քան 2.5 տարում իրենց գործողություններով ապացուցել են, որ ցանկանում են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում։ Մենք կարող ենք դրան հասնել կառուցողական երկխոսության ճանապարհով, խաղաղության բանակցությունների ճանապարհով։
Ցանկանում եմ բոլորին հանդարտության կոչ անել. պետք չէ ավելորդ խուճապ և ավելորդ աժիոտաժ։ Կառավարությունը տեղյակ է, թե ինչ է անհրաժեշտ անել, և մենք նպատակամղված ձևով, հետևողականորեն ընթանում ենք մեր ուղով»,- ասել է նա։
Սրանից առաջ Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Հարավային Օսիայի վարչական սահմանի երկայնքով բաժանարար գծի փոփոխությունները, ինչի հետևանքով «Բաքու-Սուփսա» նավթամուղի մի շարք հատվածներ դուրս են մնացել Վրաստանի իշխանության վերահսկողության գոտուց։









































