Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արտյոմ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Ըստ դատական ակտի՝ 38-ամյա Արտյոմը 2013 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 10-ն անց 20-ի սահմաններում վարելով անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի՝ դեպի Հանքավան ուղղությամբ ընթանալիս ճանապարհի 5-րդ կմ հատվածում ստեղծել է վթարային իրադրություն:
Նա, տեսնելով իր առջևից երկու ուղևորով համընթաց գնացող, Շամիր Ա.-ի վարած լծասայլակի նկատմամբ «Նիվա» մակնիշի մեքենայի վազանցի դուրս գալու հանգամանքը, այդ պահից սկսած՝ ժամանակին չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իր մեքենայի արագությունն իջեցնելու, ընդհուպ այն կանգնեցնելու ուղղությամբ, ուշացած դիմել է արգելակման, մաևրել է դեպի աջ, ինչի արդյունքում իր վարած մեքենան բախվել է լծասայլակի հետնամասին:
Լծասայլակը վարող Շամիր Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և սեպտեմբերի 23-ին, ուշքի չգալով, մահացել է:
Արտյոմ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:
Նույն լծասայլակի անչափահաս ուղևորի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու համար Արտյոմ Գ.-ն քրեական հետապնդման չի ենթարկվել՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:
Առաջադրված մեղադրանքում Արտյոմ Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը, առավոտյան ժամը 8-ն անց 30-ին իր «Մերսեդեսով» դուրս է եկել Վանաձորից և երեք ուղևորուհիների հետ ուղևորվել է Հանքավան:
Ժամը 10-ն անց 30-ի սահմաններում հասել է Հրազդան քաղաք: Այնտեղից դուրս է եկել, թեքվել դեպի աջ, դուրս է եկել Հրազդանը Հանքավանին միացնող ավտոճանապարհ, որը հարթ և ուղիղ ճանապարհ է:
Ինքը երթևեկել է 50-60 կմ/ժամ արագությամբ: Նկատել է իր առջևով ընթացող «Նիվա» մեքենան ու նրա առջևից ընթացող ձիով սայլը, որի վրա, հետո է պարզվել՝ մի տարեց տղամարդ ու երկու երեխա կային:
Սայլի վրա անկանոն բարձված էին ծառի ճյուղեր, որոնք սայլի հետնամասից մոտ 60-70 սմ դեպի դուրս էին:
«Նիվան» սայլի հետևից ընթանում էր ոչ մեծ արագությամբ, վազանց չէր կատարում: Սայլն ընթանում էր 5-7կմ/ժ արագությամբ:
Մոտենալով «Նիվային» մինչև երեք մետր, իր մեքենայի արագությունն իջեցրել է մինչև 30-40 կմ/ժ: Քանի որ «Նիվան» սայլին վազանց չի կատարել, իսկ իր կողմից վազանց կատարելուն խանգարող բան, իր կարծիքով, չի եղել, ինքը փորձել է վազանց կատարել:
Երբ հասել է «Նիվայի» հետևի ձախ անվաթևին, «Նիվայի» վարորդը կտրուկ, առանց թարթիչ միացնելու, դուրս է եկել իր դիմաց: Վթարից խուսափելու համար ինքն արգելակել է, ղեկը պտտել դեպի աջ ու հարվածել է սայլի հետնամասին:
Ասֆալտի վրա արգելակման հետք չի մնացել, քանի որ իր մեքենայի արագությունը բարձր չի եղել:
Այդ հարվածի հետևանքով ձին սկսել է անկանոն շարժումներ անել, սայլի առջևի մասը բարձրացել է, սայլի վրա գտնվող երեխաներն ընկել են գետնին՝ ճանապարհի հողածածկ հատվածում, իսկ սայլակը վարող տարեց տղամարդը շպրտվել է սայլի վրայից, հարվածել իր մեքենայի դիմապակուն և ընկել է գետնին՝ ավտոմեքենայի աջ կողմը:
Ձին պոկվել է սանձից, վազել է դաշտ, իսկ սայլակը, հարվածելով ճանապարհի աջ կողմում գտնվող ծառին, կանգնել է:
Ինքը կանգնեցրել է մեքենան, չնայած մեքենայի «ռադիատորը» վնասված էր, երեխաներին ու վնասված տղամարդուն նստեցրել է մեքենա ու վարել մոտ հինգ կմ, որից հետո մեքենան խափանվել է:
Դրանից հետո տուժողին տեղափոխել է Հրազդանի հիվանդանոց, այնտեղից էլ՝ Երևան:
Տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ Արտյոմ Գ.-ից որևէ պահանջ չունի:
«Նիվայի» վարորդը հայտնել է, թե ինքն ընթացել է ձիու սայլակի հետևից: Ինքը ճանաչել է սայլակի վրա գտնվողներին՝ Շամիր Ա.-ին, նրա անչափահաս թոռանը և համագյուղացիներից մեկի երեխային:
Երբ իր մեքենայի և սայլակի միջև հեռավորությունը եղել է մոտ տասը մետր, ինքը որոշել է վազանց կատարել սայլակին:
Միացրել է թարթիչը, տեսել է, որ հետևից վազանց կատարող այլ մեքենա չկա, իր մեքենան դուրս է բերել վազանցի: Երբ հավասարվել է սայլակին, բախման ձայն է լսել, մի ակնթարթ աջ է նայել, այնպիսի տպավորություն է եղել, իբր սայլակն է ցանկացել իրեն վազանց կատարել:
Երբ ինքը վազանցի դուրս եկել, ձին անկանոն շարժումներ չի կատարել:
Բախումից հետո կանգնեցրել է մեքենան ու նոր միայն տեսել է «Մերսեդեսը», որը հետևից հարվածել էր սայլակին:
Սայլակի անչափահաս ուղևոր Միքայել Գ.-ն հայտնել է, թե իր ընկերոջ ու նրա պապիկի հետ, վերջինիս լծասայլով գնացել է իրենց գյուղից երկու-երեք կմ հեռավորության վրա գտնվող անտառ՝ փայտ բերելու:
Անտառում չորացած ճյուղեր են հավաքել, բարձել են սայլակին, պատրաստվել են գյուղ վերադառնալ: Սայլակը վարել է ընկերոջ պապիկը, ընկերը նստած էր պապիկի աջ կողմում, ինքն էլ՝ ընկերոջ աջ կողմում:
Ձին ընթացել է հանգիստ: Իրենք գնացել են ճանապարհի հողածածկ շերտի եզրով: Մի պահ նկատել է, որ իրենց վազանց է կատարում «Նիվա» մեքենա, այդ ժամանակ ձայն է լսել, տեսել է դեպի իրենց ընթացող արծաթագույն «Մերսեդես», որը հարվածել է սայլակի հետնամասին:
Մինչև հարվածը ձին խրտնած չի եղել, անկանոն շարժումներ չի կատարել, իսկ թե հարվածից հետո ինչ է եղել, չի կարող ասել, ինքն ուշագնաց է եղել…
Դատարանը որպես ամբաստանյալի մեղավորությունը հաստատող ապացույց՝ հիմնվել է նաև դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության վրա:
Դատարանը եզրակացրել է, որ Արտյոմ Գ.-ն թույլ է տվել ՃԵԿ-ի պահանջների կոպիտ խախտում, որի հետևանքը եղել է անդառնալի:
Արտյոմ Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է 6 ամիս ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ, ամբաստանյալի մեղավորությունը հաստատված գնահատելու դեպքում՝ կիրառել պայմանական դատապարտություն, Արտյոմ Գ.-ին իրական ազատազրկման չդատապարտել:
Վերաքննիչ քրեական դատարանը մահվան ելքով վթարի համար ապացուցված է գնահատել Արտյոմ Գ.-ի մեղքը, մերժել է պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ:









































