«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ընկերության վաճառքի շուրջ բանակցություններ չեն ընթանում, իսկ ընկերության սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավար Կովալչուկի հայտարարությունը՝ ակտիվները վաճառելու հնարավորության մասին, նա համարում է ընդհանուր բնույթի հայտարարություն: Այսօր Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 60 միլիոն դրամ տուգանք է սահմանել ՀԷՑ-ի համար, թեև խոսվում էր 75 միլիոնի մասին: Սակայն որոշվել է, որ ընկերությունը մի քանի խախտում այնուամենայնիվ վերացրել է: Մյուս կողմից, ՀԷՑ-ը պարտավորվել է 8,5 միլիարդ դրամի ներդրում կատարել մինչև տարեվերջ՝ սպասարկման որակը բարելավելու համար: Որտեղի՞ց պետք է ընկերությունը կատարի այդ ներդրումը՝ պարզ չէ: Երևի այն գումարից, որ կփոխհատուցի Հայաստանի կառավարությունը էլեկտրաէներգիայի գնի թանկացման դիմաց:
Կարծեք թե ակնհայտ է, որ ՀԷՑ-ի շուրջ իրավիճակը, ավելի որոշակիանալու փոխարեն, էլ ավելի խրթին է դառնում: Դեռևս պարզ չէ, թե ով և երբ պետք է իրականացնի միջազգային աուդիտ: Միաժամանակ մամուլում տեղեկությունները համառորեն շարունակվում են, որ ցանցերը գնելու է Ռուսաստանից հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ Տաշիր գրուպի սեփականատերը: Հայկական մամուլում նշվել է, որ Կարապետյանը ցանցերը գնելու է աուդիտից հետո: Այս զարգացումները վկայում են, որ համակարգային խնդիրը շարունակում է գոյություն ունենալ, և բացարձակապես չկան լուծումներ: Սա էլ իր հերթին վկայում է, որ շարունակում է բացակա լինել պետությունը, և, ի դեմս պետական կառույցների, իրականում այս գործընթացում ներգրավված են ընդամենը անձինք և խմբեր, որոնք ներկայացված են այդ կառույցներում: Այսինքն՝ պետությունն այստեղ շարունակում է ընդամենը փող լինել ինչ-որ կուլիսային կոռուպցիոն հարաբերությունների համար, և այդ պատճառով էլ առ այսօր բացակայում է համակարգի առողջացմանն ուղղված գեթ մեկ հստակ և կոնկրետ քայլ: Ինտեր ՌԱՈ-ի խորհրդի ղեկավարի հայտարարությունն ակտիվները վաճառելու մասին, ըստ էության վկայում է, որ ռուսական կողմը կարծեք թե պատրաստ է ազատվել ցանցերից, իհարկե, որոշակի գնի դիմաց, սակայն ցանցերի նոր սեփականատիրոջ հարցը ըստ էության խցանվել է հայաստանյան համակարգում:
Այստեղ ակնհայտորեն շարունակվում է ՀԷՑ-ի շուրջ շահերի բախումը: Ակնհայտ է, որ հանգուցալուծումը կապված է մեծ գումարների հետ, և այստեղ այդ գումարները վճարողը բնականաբար հենց այնպես չէ, որ վճարելու է: Դրա դիմաց պահանջվելու են որոշակի տնտեսական ու նաև քաղաքական նոր երաշխիքներ: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանը թևակոխել է սահմանադրական բարեփոխման և ընտրական նոր փուլ, այսինքն՝ իշխանության ոչ միայն վերաբաժանման, այլև կառավարման մոդելի փոփոխության փուլ, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի երաշխիքների մասին կարող է խոսք լինել: Այս պայմաններում ակնհայտ է, որ ՀԷՑ-ի շուրջ որևէ գործարք ըստ էության հանդիսանալու է իշխանության ձևավորման մի մաս, և ըստ այդմ էլ այստեղ բախվելու են իշխանական հավակնություններ ունեցող տարբեր ներքին թևերի շահերը, որոնք սկսել են սուր պայքարը իշխանական քվոտաների համար: Սամվել Կարապետյանը այդ թևերից մեկն է միայն: Մինչդեռ առնվազն այս պահի դրությամբ առկա են 2-3 թևեր, որոնք միմյանց հավասարակշռում են տարբեր ռեսուրսներով: Մեկի դեպքում մեծ է ֆինանսական չափաբաժինը, մյուսի դեպքում՝ վարչական, երրորդի դեպքում՝ մեկ այլ: Ամենայն հավանականությամբ, այս կոնտեքստում էլ ոչ մի կերպ չի ստացվում վերջնական պայմանավորվածություն ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ հարցում:








































