ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպությունն աջակցություն չի գտնի Չեչնիայում, քանի որ պետության բնակիչները խաղաղ կյանքի են տրամադրված: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Հյուսիսկովկասցի գրոհայինների անունից արված հայտարարությունը, որ իրենք ԴԱԻՇ-ին հավատարմության երդում են տալիս, ոչ ավելին է, քան հերյուրանք: Չեմ կարծում, որ առանձին չսպանված ավազակներ, որոնք դեռ թաքնվում են անտառներում, կարողանան լուրջ օգնություն ցուցաբերել այսպես կոչված՝ ԴԱԻՇ-ի արմատականներին»,- ասել է Կադիրովը:
«Այդ հանցագործները պարզապես ոչ մի հնարավորություն չունեն Չեչնիայի Հանրապետությունում. մեզ մոտ իրավիճակը լիովին վերահսկում են ուժային կառույցները, իսկ խաղաղ կյանքի կուրսին աջակցում է բնակչության 99,9%-ը»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը:
Հաղորդվում է, որ անցած շաբաթվա վերջին համացանցում տեսաուղերձ է հայտնվել «Իմարաթ Կավկազ» ահաբեկչական խմբի անունից, որում ենթադրաբար խմբի առաջնորդներից մեկը հայտարարել է «Իմարաթ Կավկազի» և ԴԱԻՇ-ի միության մասին:
Ավելի ուշ ԴԱԻՇ-ը սեփական ուղերձ է հրապարակել, որում հայտարարել է, որ ընդունում է գրոհայինների երդումը:






































