Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչները գերտերությունների հետ «միջուկային» բանակցությունները շարունակելու են գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի արած հայտարարությանը համապատասխան։
«Ինչպես ավելի վաղ հայտարարել է Գերագույն առաջնորդը, մենք ակնկալում ենք լուրջ բանակցություններ և ըմբռնում»,- ասել է Իրանի նախագահը՝ ընդգծելով, որ երկրի դեմ սահմանված անարդար պատժամիջոցները չեն կարող Թեհրանին ստիպել՝ ընդունելու գերտերությունների անհիմն պահանջները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի խորհրդարանն ընդունել է «Միջուկային ձեռքբերումների պահպանման մասին» օրինագիծը, որում նշված էր, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի ստորագրման ժամանակ պետք է բաց կերպով հայտարարվի Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների միաժամանակյա վերացման մասին և կատարվի այն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրը:








































