Այս պահին Բաղրամյան պողոտայում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության ակցիան։ Այս գիշեր շուրջ 700 անձ գիշերել է պողոտայում։ Գործարար Վահան Քերոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կոչ արեց համաքաղաքացիներին ոչ միայն գալ, այլ իրենց հետ բերել հարևաններին, ընկերներին, բարեկամներին, քանի որ այս խնդիրը վերաբերում է բոլորին։
Բացի այդ, ըստ գործարարի, այս որոշումը չեղարկելու համար կան բոլոր տնտեսական հիմքերը։
«Եթե նայեք Ինտեր ՌԱՕԵԷՍ-ի 2014-ի կոնսոլիդացված հաշվետվությունները, ապա կտեսնեք, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի մարժան 50 տոկոսից ավելի է, մինչդեռ բոլոր երկրներում այն չի գերազանցում 20 տոկոսը։ Առանց այդ էլ ՌԱՕԵԷՍ-ը Հայաստանում աշխատում է ուռճացված մարժայով, և խոսել այն մասին, որ այդ մարժան ավելի բարձրանա, ընդամենը խեղկատակություն է, այդպիսի բան հնարավոր չէ թույլ տալ։ Այստեղ հավաքվել են միջին և գիտակից դասը, այստեղ առաջին հերթին եկել են արդարության հետևից, ոչ թե ամսական 2000-3000 դրամի հետևից, սա ճչացող անարդարություն է»,-հավելեց նա։
Գործարարի դիտարկմամբ՝ իշխանությունը շատ իմաստուն կգտնվի, եթե այսօր երթ չեղարկի այս որոշումը, այլապես այստեղ եղածներն ավելի շատ են սկսում հնչեցնել ցույցերը քաղաքակացնելու լոզունգները։









































