ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ անկողմնակալ և անկախ հետաքննություն ապահովեն ոստիկանության կողմից կիրառված ավելորդ ուժի, ներառյալ՝ խաղաղ ցույցը ցրելու համար մարդկանց դեմ ջրցան մեքենա կիրառելու և վաղ առավոտյան ավելի քան 200 ցուցարարի ձերբակալելու մասին հայտարարությունների վերաբերյալ: Այդ մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում։
Կազմակերպությունը նշում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 237 մարդու։ Նաև նշում է բազմամարդ ցույցերի անցկացման մասին Գյումրիում, որտեղ 12 հոգի է բերման ենթարկվել:
«Հայաստանի իշխանությունների համար խաղաղ ցույցը ցրելը ծանր ձեռքի մարտավարություն է, որից պետք է խուսափել՝ արտահայտման և հավաքների իրավունքը պաշտպանելու համար: Տեսագրությունները, որանցում երևում է, թե ինչպես են ջրցան մեքենաներից արձակվող հզոր շիթերը գետնին տապալում խաղաղ ցուցարարներին, մտահոգության պատճառ են»,- ասել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի գծով տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը:
Որքան մեզ հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները հետաքննություն են անցկացնում ցուցարարների դեմ «խուլիգանության» վերաբերյալ, այլ ոչ ոստիկանության կոշտ արձագանքի: Խախտումների համար պատասխանատու բոլոր իրավապահ ուժերը պետք է պատժվեն»,- ասված է հայտարարության մեջ:
Ականատեսներից մեկը պատմել է կազմակերպությանը, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին: Ոստիկանությունը և ականատեսներից մեկը հաստատել է, որ խաղաղ ցուցարարների հետ ոստիկանների համար թիրախ են դարձել նաև լրագրողները:
Հայտարարությունները, որ ոստիկանությունը հատուկ թիրախավորել է լրագրողներին, նույնպես պահանջում են անկախ հետաքննություն, ասել է Դենիս Կրիվոշեևը:









































