Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան պլանավորում են մինչև հունիսի վերջ համաձայնեցնել «Թուրքական հոսք» գազատարի միջկառավարական համաձայնագրի տեքստը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Հունիսի 22-ին Թուրքիան «Գազպրոմին» թույլատրել էր ինժեներային հետազոտություններ սկսել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շուրջ: Խոսքը «Թուրքական հոսք» գազատարի առաջին ճյուղի մասին է, որը պետք է անցնի Սև ծովում Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում և տարածքային ջրերում: Պլանավորված է գազատարի առաջին ճյուղի կառուցումը ավարտել 2016 թվականի դեկտեմբերին:
Նովակը հայտարարել է, որ թուրքական կողմի այդ թույլտվությունից հետո հաջորդ քայլը պետք է լինի միջկառավարական համաձայնագրի նախագիծը, որի տեքստը պլանավորված է համաձայնեցնել մինչև հունիսի վերջ: Նովակը չի բացառել, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրոպական հանձնաժողովի ավանդական գազային եռակողմ բանակցությունների ժամանակ:









































