System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանգյանն արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երիտասարդ ակտիվիստների բողոքի ակցիային և ոստիկանության կողմից ուժի կիրառմանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է երևանյան ցույցերի վերաբերյալ Asbarez պարբերականի անդրադարձը՝ կատարելով հետևյալ գրառումը.
«Այս հոդվածն ինձ 3 բան է ասում՝ 1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները պետք է պետական ակտիվ դառնան և խստորեն կարգավորվեն ու վերահսկվեն անկախ մարմնի կողմից, 2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունն աճում է, 3) նախկինում հաջողված քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:










































