ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համանախագահներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը Հայաստան կատարած այցի արդյունքները ամփոփող հայտարարություն են տարածել, որով քաղաքական ուժերին կոչ են արել մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ կարևորելով նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների և դատական համակարգի անկախության ամրապնդումը, ասելով, որ այս նպատակների իրականացումը չպետք է մնա քաղաքական համակարգի փոփոխության վերաբերյալ բանավեճի ստվերում:
Պարզ ասած՝ համազեկուցողների ասածն այն է, որ չպետք է տարվել քաղաքական համակարգի փոփոխության շուրջ վեճերով և պետք է կենտրոնանալ այլ խնդիրների վրա: Այս կոչը առավել շատ ուղղված է ԲՀԿ-ին, որը հայտարարում է, որ իրենց համար անընդունելի է քաղաքական համակարգի փոփոխությունը: Համանման տեսակետով է հանդես գալիս նաև ՕԵԿ-ը, որի ներկայացուցիչները դեմ են նախագահի լիազորությունների խիստ սահմանափակմանը:
Մեր տեղեկություններով` այս կոչը համազեկուցողները հնչեցրել են նաև ԲՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ, առաջարկելով որ ԲՀԿ-ն ներգրավվի փոփոխությունների գործընթացում, և մասնակցի մարդու իրավունքների, դատական համակարգի, կառավարության ԱԺ-ի առջև ավելի հաշվետու լինելու դրույթների սահմանադրական մեխանիզմների կատարելագործման հարցում: Մենք ԲՀԿ կուսակցության և խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք, թե նա ինչ կարծիք ունի համազեկուցողների այս հորդորի վերաբերյալ և արդյոք իրենք պատրաստվում են հետևել դրան: «Համազեկուցողների հետ քննարկումը եղել է փակ, և ես տեղին չեմ համարում ասել, թե ինչ բովանդակություն են ունեցել այդ քննարկումները: Բայց ԲՀԿ-ն միշտ ասել է, որ եթե կառավարման մոդելի փոփոխության հարց չի քննարկվելու, ապա մենք ունենք մեր առաջարկները ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ արդար և վստահելի դատական համակարգի ստեղծման մեխանիզմների ներդրման հարցում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Այս պատասխանից ստացվում է, որ ԲՀԿ-ն պատրաստ է իր առաջարկները ներկայացնել Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովին՝ այնպես, ինչպես արել են ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Բայց այստեղ կա մի թակարդ, որում կարող են հայտնվել կառավարման համակարգի դեմ պայքարող ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Եթե իշխանությունը ընդունի նրանց առաջարկը կապված մարդու իրավունքների և դատական համակարգի վերաբերյալ, ապա նրանք ստիպված պետք է լինեն ասել, որ իրենք կողմ են այդ նախագծին: Բայց այդ նախագծում կարող է առաջարկվել կառավարման համակարգի փոփոխություն, և այդ դեպքում նրանք պետք է հայտարարեն, որ դեմ են նախագծին, թեև իրենց առաջարկներն ընդունված են: Այնպես որ, այս ուժերը ճիշտ կանեին, որ մինչև առաջարկներ ներկայացնելը, իմանային, թե ինչպիսին է լինելու կառավարման համակարգը, նոր կողմնորոշվեին՝ մասնացել, թե չմասնակցել փոփոխությունների նախապատրաստմանը:
Իսկ մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում պետք է ասենք, որ ԲՀԿ-ի համար ավելի ճիշտ կլիներ, եթե այս կուսակցությունը կառչած չմնար իր նախկին դիրքորոշմանը, երբ կտրուկ դեմ էր արտահայտվում կառավարման համակարգի փոփոխությանը: Այն ժամանակ կուսակցության նախագահը Գագիկ Ծառուկյանն էր, ով ուզում էր լայն լիազորություններով օժտված նախագահ լինել: Այն ժամանակ ԲՀԿ-ի պահվածքը հասկանալի էր և տրամաբանական: Հիմա Նաիրա Զոհրաբյանը դժվար թե նախագահական ամբիցիաներ ունենա և ընդհակառակը՝ պետք է շահագրգռված լինի կառավարման խորհրդարանական տարբերակի մեջ, քանի որ այդ դեպքում խորհրդարանի և պատգամավորների դերը էապես մեծանում է:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա այս կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ունի նախագահական ամբիցիաներ և պահանջում է, որ իրեն թողնեն երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կոչումը: Կդառնա Բաղդասարյանը նախագահ, թե դա կմնա նրա անկատար երազանքը՝ այլ խնդիր է: Բայց որ ի տարբերություն ԲՀԿ-ի՝ ՕԵԿ-ը նախագահական համակարգի պահպանման մոտիվացիա ունի, պարզ է: Մնում է, որ Նաիրա Զոհրաբյանը այնքան համարձակություն ունենա, որ հրաժարվի իր ղեկավարած կուսակցության նախկին դիրքորոշումից, որը անիմաստ բեռ է դարձել կուսակցության և նրա ղեկավարի ուսերին: ԲՀԿ-ն պետք է ադապտացվի նոր իրողություններին՝ ձևավորելով նոր դեմք, և ոչ թե կառչած մնա նախկինից՝ դրանում տեսնելով իր դեմքի փրկությունը:









































