Ղազախստանն ավարտել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելու գրեթե 20-ամյա բանակցությունները: Կազմակերպության մամլո ծառայության հաղորդմամբ՝ հունիսի 22-ին միացման մասին փաստաթղթերի փաթեթը կներկայացվի «անդամակցության աշխատանքային խմբին՝ պաշտոնապես հավանության արժանացնելու համար», ապա կփոխանցեն ԱՀԿ գլխավոր խորհրդին՝ հաստատելու:
«Ես շնորհավորում եմ ԱՀԿ անդամ-երկրներին և Ղազախստանի Հանրապետության կառավարությանն այս պատմական քայլի կապակցությամբ: Ես սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ ողջունել Ղազախստանին ԱՀԿ-ում»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուն:
Իրենց հերթին, աշխատանքային խմբի անդամները հունիսի 10-ի իրենց նիստում ողջունել են բանակցային գործընթացի ավարտը՝ այն անվանելով ԱՀԿ 20-ամյա պատմության ընթացքում «ամենամեծ մարտահրավերներից մեկը»:







































