ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները գազատար են պայթեցրել Սիրիայի կենտրոնական մասում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Կենտրոնի տեղեկությամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հոմս նահանգի արևելքում չորեքշաբթի գիշերը: Այդ գազատարով վառելիքը Սիրիայի արևելքից փոխադրվել է երկրի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան:
«Տվյալ գազատարն օգտագործվել է Դամասկոսի արվարձանի, Հոմս նահանգի գազի մատակարարումների համար, որն օգտագործվել է էլեկտրամատակարարման և տների ջեռուցման համար»,- գործակալությունը մեջբերում է կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի խոսքերը:
Գործակալության տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ի գրոհայինները մի շարք նավթի և բնական գազի հանքեր են գրավել Հոմս նահանգում:






































