Հունիսի 22-26-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը: Ադրբեջանի հարցով համազեկուցողները ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունդն է և լեհ խորհրդարանական Թադեուշ Իվինսկին: Այս երկու պատգամավորներն էլ համարվում են ընդգծված պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող պատգամավորներ, և գերմանական հասարակական կազմակերպություններից մեկի կողմից հրապարակված «Խավիարային դիվանագիտություն» գրքի առաջատար պերսոնաժներից են:
Հիմա այս մարդիկ ներկայացրել են Ադրբեջանին վերաբերող մի զեկույց, որի մոտ կեսը նվիրված է լինելու Հայաստանին: Մասնավորապես՝ զեկույցի հեղինակները համարում են, որ Հայաստանի ագրեսիան է խոչընդոտում Ադրբեջանի ժողովրդավարացմանը, այդ երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Զեկույցի հեղինակները փոխանակ խոսելու Ադրբեջանի բանտերում գտնվող 80-ից ավելի լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասին, խոսում են այն մասին, որ արևմտյան որոշ հասարակական կազմակերպություններ և հայկական լոբբիի ներկայացուցիչներ փորձում են սևացնել Ադրբեջանում կազմակերպվող առաջին եվրոպական խաղերը, և անհիմն կոչեր են անում բոյկոտելու այդ խաղերին մարզիկների մասնակցությունը:
Իհարկե, զեկույցում կա որոշ մտահոգություն, որ Ադրբեջանը դեռ խնդիրներ ունի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն ոչ մի կոնկրետ անուն, ոչ մի թիվ և ոչ մի պահանջ քաղաքական պատճառներով հետապնդվող գործիչներին ազատ արձակելու վերաբերյալ: Ավելին՝ զեկույցի հեղինակները նշում են, որ իրենց կազմած զեկույցի հիմնական փաստերը և տեղեկությունները իրենք վերցրել են ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից, որը համարվում է ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենայի առաջամարտիկը:
Ինչ պետք է անի Հայաստանի պատվիրակությունը, երբ ԵԽԽՎ-ում ներկայացվի Ադրբեջանին վերաբերող զեկույցը՝ նվիրված Հայաստանին և Հայաստանի քննադատությանը: Ավելի տրամաբանական կլինի, եթե հայ պատգամավորները հայտարարեն ԵԽԽՎ նստաշրջանը կամ գոնե զեկույցի քննարկումը բոյկոտելու մասին, որովհետև մասնակցել նման զեկույցի քննարկմանը՝ կնշանակի լեգիտիմացնել այն:
Ի դեպ, այսօր Հայաստան են այցելելու Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը, ովքեր Հայաստանի մասին իրենց տեղեկությունները վերցնելու են ոչ թե «Արմենպրեսի» լրատվական հոսքից, այլ մտադիր են հանդիպումներ ունենալ Հայաստանի ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվանումով զեկույցը հաստատ նվիրված չի լինի Ադրբեջանին, քանի որ Հայաստանը չունի խավիար և խավիարային դիվանագիտություն:







































