Երեկ Արտաշատում, Ալավերդիում և Աբովյանում քաղաքապետի ընտրություններ էին, որոնք այս անգամ ևս առանց խախտումների չեն անցել։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այս անգամ դիտորդություն է իրականացրել երկու քաղաքների՝ Ալավերդու և Աբովյանի 41 տեղամասերում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արձանագրված խախտումները, ըստ էության, չեն տարբերվում մինչև այս իրականացված մյուս ընտրություններից, պարզապես մասշտաբներն են տարբեր։ Հիմնական խախտումներն են՝ փոխադրումներ, կուտակումներ ընտրատեղամասերում, ուղղորդում, կնիքների հետ խնդիրներ, առանձին դեպքերում՝ ճնշումներ դիտորդների վրա։
Սոնա Այվազյանի դիտարկմամբ՝ Արտաշատում ընտրություն չի եղել: «Այնտեղ, որտեղ թեկնածուներ չեն եղել, կարելի է ասել, որ ընտրություն չի եղել։ Ընտրել՝ նշանակում է ինչ-որ բաների միջից ընտրել, և այս դեպքում ուղղակի մարդիկ մասնակցում են արարողակարգի, որի արդյունքում ասում են՝ ունեք այս ղեկավարը»։
«Ոչ միայն Արտաշատում, այլև գյուղերում էլ առաջադրվում են թեկնածուներ, որոնք գրանցումից հետո հանում են թեկնածությունը՝ հօգուտ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի»,- ասաց Սոնա Այվազյանը՝ հավելելով, որ ՏԻՄ ընտրությունները հիմք են ստեղծում այդ եղանակով ընտրված համայնքների ղեկավարներին՝ համապետական ընտրություններին ընտրակեղծարարության համար։
Ինչ վերաբերում է թանաքի խնդրին, ապա, ըստ Սոնա Այվազյանի, սա արդեն վաղուցվա խնդիր է, նույնիսկ ծիծաղելի է, որ այդ թանաքը շարունակվում է օգտագործվել, վաղուց ժամանակն է, որ այդ պահանջը հանվի։ Բացի դրանից՝ նույնականացման քարտերով ընտրության դեպքում չի կնքվում, արդյունքում ստացվում է ձևական բան։
Ընտրություններ կազմակերպելու գործիքակազմը, ըստ նրա, մշտապես ուժի մեջ է, պարզապես տարբեր ընտրություններում՝ կապված ուժերի դասավորությունից, հաղթելու հնարավորությունից, տարբեր գործիքակազմ է կիրառվում։
«Հոգեբանական ճնշումները, կուտակումները, մարդկանց բերել-տանելը, ուղղորդումները և՛ Երևան քաղաքում են արդյունավետ գործել, և՛ ՏԻՄ ընտրություններում»,- նշեց նա։
Իսկ ընտրություններին ցածր մասնակցությունը, ըստ զրուցակցիս, պայմանավորված է նրանով, որ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ քաղաքացիների շրջանում կա ոչ լուրջ վերաբերմունք, նրանք ՏԻՄ ընտրությունները չեն դիտարկում որպես կարևոր ժողովրդավարական ինստիտուտ և իրենց դերակատարումը ՏԻՄ գործունեության մեջ չեն տեսնում։ Բացի դրանից՝ մարդիկ հիասթափված են։
«Արտաշատում մարդիկ չգիտեն՝ գնան-չգնան ընտրության, քանի որ ակնհայտ է, որ այդ մարդը պետք է դառնա քաղաքապետ: Այն դեպքում, որտեղ մրցակցություն է, մարդկանց մասնակցության մոտիվացիան ավելին կարող է լինել։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից էլ տեղեկացրին, որ Ալավերդի քաղաքում կենտրոնական ընտրական տեղամասերում ակտիվություն է նկատվել, մարդկանց բերում էին գազելներով՝ ըստ շենքերի։
«Ստացվում է ինչպես միշտ, ամբողջ գործն արված է մինչև ընտրություն, լավ կազմակերպված էր, իրականում թեկնածուները իրար հետ են լավ աշխատել, իրենք ստեղծում էին ընտրության իմիտացիա: Իրականում որոշված էր՝ հանրապետական թեկնածուն պետք է հաղթի, բայց մի քիչ ժողովրդավարություն էին խաղում, որ, իբր, կա այլ թեկնածու։ Պրոֆեսիոնալ և հանգիստ են կազմակերպել»,- ասացին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից։







































