Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ մեկնարկել է փոքր նավակով Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի մարզուհի Սոնյա Բաումշտեյնի միայնակ նավարկությունը:
Նա մտադիր է դառնալ առաջին կինը, ով միայնակ կհատի Խաղաղ օվկիանոսը: 29-ամյա ամերիկուհու նավակը պատրաստվել է հատուկ պատվերով:
Այն ունի մոտ 7 մետր երկարություն և կշռում է առնվազն 300 կիլոգրամ: Նավակը չունի ո՛չ շարժիչ, ո՛չ էլ առագաստ: Բաումշտեյնը ծրագրում է օրական թիավարել 14-16 ժամ, եթե դա թույլ տա եղանակը:
Նա պետք է հաղթահարի 9600 կիլոմետրանոց ճանապարհ՝ Ճապոնիայի ափերից մինչև Սան Ֆրանցիսկո: Մարզուհին հուսով է իր ճամփորդությունն ավարտել սեպտեմբերի վերջին:
Ողջ պատմության ընթացքում գրանցվել է Խաղաղ օվկիանոսը թիավարելով հաջող հատելու երեք դեպք: Սակայն առայժմ որևէ կին միայնակ չի իրականացրել նման ճամփորդություն:









































