Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշանակվել է Ռուսաստանի նախագահին առընթեր ազգային քաղաքականության տեղեկատվական հարցերով հանձնաժողովի ղեկավար։«Ազատության» հետ զրույցում Արա Աբրահամյանն այսօր ասել է, որ պաշտոնը հասարակական է, և որ զբաղվելու են ազգամիջյան խնդիրներով։
«Այն քաղաքականությունը, որ տարվում է ազգային խնդիրներով, մենք դա պետք է հասցնենք բնակչությանը, քաղաքացիներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչ քաղաքականություն, ինչ ստրատեգիա ունենք մենք ազգային խնդիրներով, և հակառակը, թե ինչ խնդիրներ ունեն այսօր մեր քաղաքացիները, որ կարողանանք քաղաքացիների խնդիրները հասցնենք նախագահին», – ասել է Աբրահամյանը։
Հարցին, թե ծագած ազգամիջյան խնդիրներով տվյալ հանձնաժողովն է զբաղվելո՞ւ, Աբրահամյանը պատասխանել է. – «Այո՛, մենք անցկացնելու ենք մոնիթորինգ, թե ինչ լարվածություն կա, մենք պետք է այդ խնդիրները ուսումնասիրենք, քննարկենք, այդ ամեն ինչը իմանանք, որպեսզի ժամանակին կարողանանք թույլ չտալ, որպեսզի կոնֆլիկտը տեղի ունենա»։
Պուտինի մեկ այլ հրամանագրով՝ Աբրահամյանը նշանակվել է Ռուսաստանի օրվան, Ազգային միասնության, Ղրիմի ու Սևաստոպոլի Ռուսաստանին միանալու օրվան նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդամ։
Աբրահամյանը փոխանցել է, որ հանձնախմբի նախագահը Վյաչեսլավ Վոլոդինն է՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը։









































