Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Թերեզա Սանչեսը «Քաղաքական մարտահրավերները Հայաստանի համար տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց, որ իր ներկայացրած կազմակերպությունը փոխել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ նախկինում հնչեցված կանխատեսումը, և եթե նախկինում 2015թ. համար կանխատեսում էին 1 տոկոսով տնտեսական անկում, ապա հիմա ԱՄՀ-համարում է, որ 2015թ. ՀՆԱ-ն կլինի 2014-ին համարժեք: Ըստ տիկին Սանչեսի՝ այս կանխատեսման մեջ ևս անորոշություններ կան, և վերջնական կանխատեսումը կլինի սեպտեմբերին, երբ տարին ավարտին կմոտենա, տնտեսական ցուցանիշները հիմնականում հայտնի կլինեն, և սխալվելու հավանականություն գրեթե չի լինի:
Թերեզա Սանչեսը կանխատեսումների փոփոխությունը բացատրում է Ռուսաստանի տնտեսական իրավիճակի փոփոխությամբ: 2014թ. Նոյեմբերին, երբ իրենք կանխատեսում էին Հայաստանի տնտեսական ցուցանիշները, նկատի ունեին, որ Ռուսաստանի տնտեսությունը 2015թ. առաջին կեսին կունենա 2,5-3 տոկոսանոց անկում, մինչդեռ առաջին եռամսյակի տվյալներով` տնտեսական անկումը կազմել է 1,9 տոկոս, և Սանչեսը խոստովանում է, որ Ռուսաստանը ավելի հաջողությամբ կարողացավ դիմագրավել տնտեսական դժվարությունները: Եվ քանի որ Հայաստանի տնտեսական ցուցանիշներն անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ, այնտեղ ի հայտ եկած դրական միտումներն անդրադարձել են նաև Հայաստանի վրա: Քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակը ևս խիստ անորոշ է, կապված նաև նավթի գների կարճաժամկետ կայունացման հետ, որը Սանչեսը և այլ միջազգային փորձագետներ առայժմ երկարաժամկետ չեն համարում, Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները ևս կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել:
Արժույթի միջազգային հիմնադրամը, բացի կանխատեսումներից, կառավարությանը նաև խորհուրդներ է տալիս: Մասնավորապես խորհուրդ է տալիս վերանայել 2015թ. բյուջեն և բյուջեի դեֆիցիտի ավելացման հաշվին ավելացնել ծախսերը: Սանչեսը կարծում է, որ այդ ճանապարհով կարելի է խթանել տնտեսական ակտիվությունը և նպաստել ՀՆԱ-ի ավելացմանը: ԱՄՀ –ն կարծում է, որ Հայաստանը պետք է ունենա ավելի դինամիկ տնտեսություն, իսկ դրա համար պետք է տնտեսական գործունեություն ծավալելու ավելի մեծ ազատություն, մրցակցության հնարավորությունների ընդլայնում, ավելի արդար և վստահելի դատական համակարգ, որի միջոցով տնտեսվարողները կկարողանան կարգավորել իրենց խնդիրները: ԱՄՀ ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է, խոսում են տնտեսական մրցակցության բացակայությունից և վստահություն ներշնչող արդարադատության բացակայությունից՝ որպես ներդրումների ներգրավման և տնտեսական աճը խոչընդոտող գործոնի, և դրանց վերաբերյալ հորդորների կրկնությունը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, և ոչինչ չի փոխվում:
Տիկին Սանչեսը անդրադարձավ նաև դրամի փոխարժեքին և ընդհանրապես տարածաշրջանի դրամական միավորների փոխարժեքին՝ շեշտելով որ Ռուսաստանի կենտրոնական բանկը իրականացնում է թույլ ռուբլու քաղաքականություն՝ շուկայից գնելով արտարժույթ: Եվ եթե ռուսական ռուբլին մեկ տարվա ընթացքում թուլացել է 60-70 տոկոսի սահմաններում, ապա հայկական դրամը արժեզրկվել է ընդամենը 17 տոկոսով, մինչդեռ վրացական լարին և ադրբեջանական մանաթը արժեզրկվել են 35 տոկոսի սահմաններում: Մեր այն հարցին, թե արդյոք ԱՄՀ-ն հաշվարկել է, թե ինչպիսին պետք է լինի դրամի շուկայական փոխարժեքը, և արդյոք ՀՀ ԿԲ-ին խորհուրդ են տվել չմիջամտել փոխարժեքի ձևավորման գործընթացին, տիկին Սանչեսը հերթական խուսափողական պատասխանը տվեց, հայտարարելով, որ իրենք դրամի իրական փոխարժեքը չեն կարող հաշվարկել, քանի որ այն կարող է ձևավորվել միայն շուկայական գործոնների ազդեցությամբ: Բայց ավելացրեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկին հորդորել են փոխարժեքի ձևավորմանը միջամտել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խոշոր ցնցումների առկայության պարագայում: Չնայած դրան՝ Սանչեսը նկատեց, որ ԿԲ-ն փոխարժեքի ձևավորման վրա ազդել է մինչ ապրիլ ամիսը, հասկացնելով, որ ԿԲ-ն ոչ միշտ է հետևում իրենց հորդորներին:
Տիկին Սանչեսը պատասխանեց էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը վերաբերող հարցին՝ համարելով այն հիմնավորված, քանի որ փոխվել է սակագնի ձևավորման բաղադրիչներից մեկը՝ փոխարժեքը: Տիկին Սանչեսը համարում է, որ փոխարժեքի բարձրացումը անխուսափելի է, իսկ կառավարությանը խորհուրդ է տալիս ավելացնել բյուջեի ծախսերը և այդ միջոցներով օգնել նրանց, ովքեր հնարավորություն չունեն վճարելու էլեկտրաէներգիայի բարձրացված արժեքի դիմաց:
Դե ինչ, տիկին Սանչեսի ձևակերպումներն ու եզրահանգումները այնքան էլ չեն տարբերվում իշխանության մոտեցումներից: Իշխանությունն էլ է խոսում ավելի լավ արդարադատության ու մրցակցային տնտեսության անհրաժեշտությունից, արձանագրում տնտեսական ցուցանիշների վատթարացումը և էլեկտրաէներգիայի թանկացման անխուսափելիությունը: ԱՄՀ-ն մի քանի մանր հարցերում տարաձայնություններ ունի կառավարության հետ, բայց դրանք այնքան մանր են, որ կարելի է նույնիսկ նկատի չունենալ:









































